Բարեգործական համերգներ Վրաստանի հայաշատ շրջաններում
Հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են հայկական ժողովրդական երգի համերգներ Ջավախքում և Թբիլիսիում՝ Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալները» մրցույթների մասնակիցների մասնակցությամբ: Առաջին համերգը կայացավ Ախալքալաքում՝ տեղի մշակույթի տանը, որին մասնակցում էր շուրջ 400 հանդիսատես: Երաժիշտ-կատարողների ելույթները արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկաներից շատերը իրենց շնորհակալությունը հայտնեցին Սփյուռքի նախարարությանը նմանատիպ համերգներ կազմակերպելու համար, ինչը դարձել է ավանդույթ ու կրում է շարունակական բնույթ: Հաջորդ համերգը՝ հոկտեմբերի 5-ին, կայացավ Նինոծմինդայի մշակույթի տանը: Համերգին մասնակցում էր 500-ից ավելի հանդիսատես, այդ թվում՝ շրջանի ղեկավարությունը: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում և առաջացրեց աննախադեպ ոգևորություն: Նինոծմինդայում ևս հնչեցին շնորհակալական խոսքեր ուղղված Սփյուռքի նախարարությանը: Այդ խոսքերը շատ հուզիչ էին ու պարտավորեցնող: Գործուղման երրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, համերգը տեղի ունեցավ Ծալկայի շրջանի Դարագյուղի մշակույթի տանը, որին ներկա էր մոտ 300 հանդիսատես: Հատկանշականն այն է, որ երկար տարիներ թույլ է եղել կապը Հայրենիքի հետ, և Ծալկայում ու նրա հայաբնակ գյուղերում չի հնչել ազգային երգն այսքան սպասված երգացանկով ու կատարման այսպիսի բարձր մակարդակով: Համերգն այստեղ նույնպես արժանացավ ջերմ ընդունելության, տևեց նախատեսվածից ավելի երկար և ուղեկցվեց բուռն ծափահարություններով: Համերգի ավարտին շնորհակալական խոսքեր ասվեցին թե՛ շրջանի ղեկավարություն, թե՛ տեղի բնակիչների կողմից: Պետք է նշել, որ ներկայում նկատելիորեն ակտիվացել է Ծալկայի մեր հայրենակիցների մասնակցությունը ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերին և ունի էլ ավելի խորանալու միտում:
Արտագնա բարեգործական համերգների վերջին հանգրվանը դարձավ Թբիլիսին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դահլիճը նախատեսված է 400 հանդիսատեսի համար, սակայն ներկաների թիվն ավելին էր, քանի որ մի մասը պարզապես ոտքի կանգնած էր մասնակցում համերգին: Համերգին ներկա էին նաև աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Յուրի Վարդանյանը և այլք: Այդ օրվա համերգը նվիրվեց ոչ միայն ՀՀ անկախության օրվան, այլև Սբ. Թարգմանչած տոնին: Բացելով համերգը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, կարևորեց Սփյուռքի նախարարության մոտեցումը աշխարհասփյուռ հայ համայնքներում ազգային մշակույթի տարածման և պահպանման գործին, և ներկայացրեց այն երիտասարդ կատարողներին, նվագարանների նվագողներին, ովքեր այս օրերին սիրով ու իրենց շնորհքով տոնական տրամադրություն են ստեղծել Ջավախքի հայաբնակ վայրերում ու Թբիլիսիում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ներկաներին տոների առթիվ, անդրադարձ կատարեց նաև այն հարցերին, որոնք քննարկել էին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը և Վրաստանի խորհրդարանի անդամները:
Համերգի ավարտին, օրհնելով ներկաներին, իր հայրապետական խոսքն ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, այնուհետև շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին և մասնակիցներին: Վերջում Թբիլիսիում ճանաչված «Վանք» պարային համույթի պարուհիները (պարուսույց Լիանա Քաշավանիձե) գեղեցիկ նվերներ բաժանեցին համերգի բոլոր մասնակիցներին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, «Հայարտան» նախակրթարանի սաների համար տրվեց համերգ, որտեղ դուդուկով կատարվեցին անմահ Կոմիտասի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հետ կապերի վարչության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնից: