Ռուբինա Փիրումյան. «Ցեղասպանության ժամանակ հայ կինն ունեցել է երկարաձգված հոգեվարք…»

Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովին մասնակցում էր Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրը».

– Այս համաժողովը ոչ միայն Սփյուռքի և Հայրենիքի կանանց է մոտեցնում իրար և մոտ հարաբերություններ ստեղծում ապագայում ծրագրերի, համագործակցության համար (ինչը և տեղի ունեցավ նախորդ համաժողովներից հետո), այլև զանազան խնդիրների, պատմական, գրական, սոցիալական հարցերի վերաբերյալ մտայնություններն է մոտեցնում: Միաժամանակ Սփյուռքը տեղեկանում է Հայրենիքի մեջ ապրող հայ կանանց հարցերին, խնդիրներին, իսկ Հայաստանում ապրող կանայք ծանոթանում են, թե ինչ հնարավորություններ, նախաձեռնություններ կան Սփյուռքում:

– Տիկի´ն Ռուբինա, ո՞րն է հայ կնոջ դերը Սփյուռքում և Հայաստանում:

– Հիշում եմ, երբ 20-25 տարի առաջ մենք նման գիտաժողովներ էինք կազմակերպում և քննարկում հայ կնոջ դերն անցյալում և ներկայում, այլ էր մեր մտապատկերը, ապագայի համար մեր ցանկություններն ու իղձերը: Այդ ամենն այսօր ես որոշ չափով իրականացված եմ տեսնում: Սփյուռքում այսօր մեծանում է մի սերունդ, որի համար կնոջ և տղամարդու իրավունքների հարց այլևս գոյություն չունի: Իհարկե, ես խոսում եմ Ամերիկայի իրականության մասին: Միջին Արևելքի երկրներից ծանոթ եմ միայն Իրանին (որովհետև ես Իրանից եմ), որտեղ վերջին 30 տարիներին այն ազատությունը չկա, ինչը կա Ամերիկայում: Նախքան հեղափոխությունը կանայք Իրանում շատ մեծ դեր ունեին ինչպես հայկական համայնքում, այնպես էլ իրանական միջավայրում, ինչն այսօր վայրէջք է ապրել:

Իսկ պատկերն Ամերիկայում այլ է, կինը կարողացել է գտնել իր տեղն ու դիրքը թե´ ընտանիքում, թե´ համայնքում:

Ունենք զանազան կազմակերպություններ, որոնք ղեկավարում են կանայք: Եվ կինն իր կարողությունների պատճառով է այդտեղ հասել, այլ ոչ նրա համար, որ կին է: Ունենք նաև կին կոնգրեսականներ:

Հայաստանում կանայք դեռ այդպիսի բարձրության չեն հասել, որքան ես նկատում եմ, քանի որ շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Եվ դա առաջին հերթին սկսվում է ընտանիքից: Հայ կինը նախ պետք է արժևորվի, գնահատվի իր ընտանիքում և ապա իր ճանապարհը գտնի համայնքում, հասարակությունում:

Այս ամենին զուգահեռ նաև նկատել եմ, որ Հայաստանում դաստիարակվում է նոր սերունդ, որի համար վերելքն իր սեռի հետ կապ չունի: Նա ունի իղձեր, ցանկություններ, ապագայի ձգտումներ  և հասնում է դրան` առանց մտածելու, որ կին է ու չի կարող: Բարդույթ, որը ունեին մեր սերնդի կանայք: Մեկ օրինակ բերեմ. ես Հայ կրթական հիմնակրության անդամ եմ, և երբ կրթաթոշակներ էինք բաժանում ուսանողներին, նրանց 90 տոկոսը աղջիկներ էին: Ես նաև առիթ ունեցա խոսելու շրջանավարտների հետ, որոնք այդ տարիքում արդեն շատ ինքնավստահ էին, իսկ շատերն արդեն միջազգային կազմակերպությունների անդամ են և փորձում են այդ ճանապարհով առաջանալ: Նրանք Հայաստանի ապագան են և ինչպիսի հաջողությունների էլ հասնեն, դա նաև մեր երկրի հաջողությունն է: Աղջիկներին ոգևորելու համար երբեմն ընդունված, նորաձև խոսքեր ենք ասում, թե դուք եք Հայաստանի ապագան, Հայաստանը դուք եք ղեկավարելու, բայց իրականություն կա այդ խոսքերի մեջ:

– Տիկի´ն Ռուբինա, Ձեր երեք հատորները նվիրված են Հայոց ցեղասպանության գեղարվեստական գրականության ուսումնասիրությանը: Ինչո՞ւ ընտրեցիք այդ ոլորտը:

– Հայոց ցեղասպանության գեղարվեստական գրականության ուսումնասիրությունն ինձ համար եղել է իմ կյանքի ճանապարհը: Վերլուծելով և այն անգլերենով ներկայացնելով` փորձել եմ ցույց տալ աշխարհին, թե ինչ է եղել իրականում: Ես մեծ հավատ ունեմ գեղարվեստական գրականության նկատմամբ: Ես չեմ փորձում ցեղասպանությունը փաստել, այն վաղուց փաստված է ինձ համար: Ինձ համար Հայոց ցեղասպանությունը կայացած իրողություն է և մեկնակետ է իմ գործի համար:

Կարծում եմ, որ գեղարվեստական գրականությունը ավելի հաղորդական է և հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու Հայոց ցեղասպանության իրողությունը, ցույց տալու, թե ինչ է կատարվել և, վերջապես, որն է մեր պահանջը:

– Տիկի´ն Ռուբինա, Ձեր հատորներում դուք անդրադարձել եք հայ կնոջը: Հետաքրքիր է, ինչո՞ւ եք առանձնացրել հայ կնոջը  և ի՞նչ բովերի միջով է նա անցել:

– Որպես կին ցեղասպանագետ` կանացի բնազդս  ինձ ենթագիտակցորեն ուղղորդեց այդ «ճամփով», որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ կնոջ իրավիճակը շատ տարբեր է եղել: Եթե հայ տղամարդիկ սպանվել են անմիջապես, հայ կինն ունեցել է երկարաձգված հոգեվարք: Նա մի կողմից պայքարել է, պաշտպանել է իր ընտանիքը, մյուս կողմից` իր պատիվը: Ինչպես Լոուրենս Լանգերն է ասում` ընտրանք, որը ընտրություն չունի: Հայ կինն այդպիսի ընտրության առջև է կանգնել` մեռնել թե թուրքի հետ ամուսնանալ, իսլամանալ, երեխային տալ թուրքին թե պահել ու հարց է` երեխան կփրկվի արդյոք: Ընտրություն կյանքի և մահվան միջև, որը ոչ մի պարագայում փրկության չէր տանում: Եվ անդադար այդպիսի ընտրանքների առջև կանգնելով` հայ կինը որոշումներ է ընդունել միայնակ:

– Ի՞նչ ընտրանքի առջև է կանգնած հայ կինն այսօր:

– Հայ կինը, իմ կարծիքով, կանգնած է մեկ շատ պարզ ընտրանքի առջև` լինել պարզապես տանտիկին և մտածել, որ իր պարտականությունները միայն տան ղեկավարությունն է, երեխաների դաստիարակությունը: Շատերն ասում են` օ՜, ես երեխաներ ունեմ դաստիարակելու և դա արդեն մեծ պարտականություն է: Բայց չէ՞ որ հայ կինը շատ ավելի ներուժ ունի և միայն ընտանիքում չպետք է սահմանափակվի: Նա պետք է դուրս  գա հասարակություն, որովհետև շատ մեծ դեր ունի կատարելու համայքնում, երկրի բարելավման աշխատանքներում բավականի ներդրում կարող է ունենալ:

– Տիկի´ն Ռուբինա, Դուք ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:

– Իրականում, եթե ես հաջողել եմ, պարտական եմ իմ ամուսնուն, ով շատ ազատամիտ մարդ է եղել և իրապես օգնել է ինձ: Հանդուրժել է այն պարագան, որ իմ ժամանակը ընտանիքին նվիրելու փոխարեն ես մեծ տարիքում, երբ երկու տղաներս արդեն պատանիներ էին, վերադառնամ համալսարան, ծանր բեռ վերցնեմ իմ ուսերին, հայագիտություն սովորեմ, գրքեր գրեմ: Հանդուրժել է, որ զօրուգիշեր կարդամ Ցեղասպանության մասին: Հոգեբանի պես փորձել է ինձ դուրս քաշել այդ մթնոլորտից, որպեսզի կարողանամ առողջ դատել:

Ընտանիքը պետք է քաջալերի,  ոչ միայն ամուսինը, այլև երեխաները: Նկատել եմ, որ հատկապես տղաները խորթ աչքով են նայում իրենց մայրիկին, քույրիկին, երբ նա փորձում է հասարակական կյանքի մեջ մտնել:

Նախ հավասարություն պետք է լինի ընտանիքում, որպեսզի երեխաները հետագայում այդ ամենը կարողանան այլ վայրերում էլ ընդունել:

Կարևոր է նաև աշխատասիրությունը, հետևողականությունը: Եթե հաջողել եմ (չգիտեմ` որքան), իմ աշխատանքում եղել եմ աշխատասեր և հետևողական:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up