Հայ ճարտարապետությունը Հայաստանի համար պետք է դառնա այցեքարտ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցեց ճարտարապետների օրվան նվիրված մրցույթ-ցուցահանդեսին:

Բացման խոսքում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարևորեց 2009 թվականի  ապրիլին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» խորագիրը կրող ճարտարապետների համահայկական համաժողովը, որի արդյունքում էլ ստեղծվեց Հայ ճարտարապետների ընկերակցությունը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհավորելով ճարտարապետներին միջազգային օրվա առիթով, նշեց. «Մենք փորձեցինք համախմբել հայ ճարտարապետներին: Կարող եմ հայտարարել, որ Հայ ճարտարապետների ընկերակցությունը կայացած իրողություն է, որի վկայությունն այս ցուցահանդեսն է: Հայ ճարտարապետությունը Հայաստանի համար պետք է դառնա այցեքարտ, զբոսաշրջիկը պետք է գա Հայաստան ու տեսնի հայ ճարտարապետների մնայուն և արժեքավոր գործերը և նրա մտքի արգասիքը, որի մեջ միաձուլված են հայկական ճարտարապետության հին և նոր ավանդույթները»:

Գերատեսչության ղեկավարը հայ ճարտարապետներին մաղթեց մտքի  թռիչք ու նորանոր մնայուն գործեր և հույս  հայտնեց, որ Սփյուռքի նախարարության հետ նրանց  հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ:

Scroll Up