Եգիպտացի լրագրողները ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/120.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Կահիրեի Հայոց առաջնորդարանի համատեղ նախաձեռնությամբ ու Եգիպտոսի մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-27-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողներ «Մասաիյյա» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Աբդելնաբի Աբդելֆաթթահ Սաքեր Մահրուս Էլնադիմին և «Ալ-Վատտան» օրաթերթի միջազգային հարաբերությունների հետազոտող Ալ Մոհամեդ Տարեկ Աբդելհաֆեզ Հասսանին:
Սփյուռքի նախարարը ջերմորեն ողջունեց եգիպտացի լրագրողներին և նշեց, որ հայ-եգիպտական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր էլ շարունակում են զարգանալ: Նախարարը կարևորեց զանգվածային լրատվամիջոցների դերը միջպետական հարաբերություններում և ժողովուրդների փոխճանաչողության գործում:
Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ լրագրողները իրենց տեսածը, զգացածն ու ձեռք բերած տեղեկատվությունը պատշաճ կներկայացնեն եգիպտացի ընթերցողին:
Լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությամբ, ծրագրերով, Հայաստան-Սփյուռք գործակցությամբ, Հայոց ցեղասպանության և նրա 100-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերով, հայապահպանությանը առնչվող հարցերով:
Քննարկվեցին սփյուռքահայերի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումներին, Հայոց ցեղասպանության ճանաչման, դստապարտման և հետևանքների վերացմանը, Հայաստանում տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ եղավ նաև թուրք-եգիպտական հարաբերություններին:
«Ալ-Վատտան» օրաթերթի ներկայացուցիչ Ալ Մոհամեդ Տարեկ Աբդելհաֆեզ Հասսանն ասաց, որ վերջերս հրատարակվել է երկհատոր աշխատություն, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ Եգիպտոսի հոգևոր կենտրոնի արխիվային նյութերը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին ներկայացրեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողոի արդյունքները և նախարարության առաջիկա անելիքները: Նա բարձր գնահատեց եգիպտական ժողովրդի և իշխանությունների վերաբերմունքը եգիպտահայ համայնքի հանդեպ և խաղաղություն ու բարգավաճում մաղթեց Եգիպտոսին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և այն հանգամանալից տեղեկությունների ու մեկնաբանություններ համար, որոնք ստացան ՀՀ սփյուռքի նախարարից:
Կահիրե վերադառնալուց հետո քննարկված թեմաների վերաբերյալ եգիպտացի լրագրողները հանդես են գալու հրապարակումներով: