Ժիրայր Ռէիսեան. «Որքան էլ նոսրանա համայնքը` սիրիահայությունը պիտի գոյատևի…»
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հիմնական առանցքը նաև սիրիահայ համայնքի հիմնախնդիրներն էին: Երկու օր տևած քննարկումների ժամանակ, որին ներկա էին սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հնչեցինք տարբեր կարծիներ, առաջարկություններ, որոնք գրավոր ձևով ներկայացվեցին եւ տեղ գտան համաժողովի ընդունած հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 22-ին սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչները համայնքի հիմնախնդիրները քննարկեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Համաժողովի արդյունքների ամփոփման և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ «Հայերն այսօրը» փորձել է ճշտել Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռէիսեանի հետ զրույցի ընթացքում.
– Նախ շնորհակալ ենք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը կազմակերպելու համար: Երախտագիտության արժանի գործ է Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը` հայրենիքում համախմբելու աշխարհասփյուռ հայությանն իր պատասխանատու դեմքերով` միասնաբար քննարկելու մեր ցավերը, դժվարությունները, լսել առաջարկություններ և փորձել լուծումներ գտնել: Մենք շատ լավ գիտենք, որ նախարարուհի Հրանուշ Հակոբյանը որքան սրտացավ է Սիրիայի դեպքերի հանդեպ: Նրա միտքը միշտ սիրիահայ գաղութի տագնապների հետ է: Յուրաքանչյուր զարգացումի ժամանակ նա անմիջապես զանգում է, ցանկանում իմանալ, թե որոնք են նոր ծագած դժվարությունները և ինչ կարող է անել Հայաստանը` թեթևացնելու այդ բոլորը:
Այս բոլորից ելնելով` Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հատուկ բաժին էր հատկացրել սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման, քննարկման և եզրահանգման: Համաժողովի ժամանակ եղան եզրահանգումներ, որոնք արդեն իսկ գրավոր և հայտարարության տեսքով ներկայացվեցին համաժողովի ավարտին: Հուսանք, որ այդ բոլորը կուսումնասիրվեն և պատկան մամինների անմիջական մասնակցությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր` շոշափելի արդյունքների հասնելու համար: Եթե ոչ` այս բոլոր աշխատանքները, քննարկումները, ճիգերն ի դերև կլինեն և անիմաստ կդառնան: Սակայն, վստահություն ունեմ, որ Հայաստանի կառավարությունը, Սփյուռքի նախարարությունը, զանազան մասնագիտական կողմերի միակամ աշխատանքով, պետք է փորձի իր կարելիությունների սահմանում այդ առաջարկությունները, եզրահանգումներն ի գործ դնել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հնչեցված հարցերի շուրջ էր, որոնցից կարևոր են հատկապես երկու կետեր: Առաջինը Սիրիայում մնացող մեր հայրենակիցների ապահովության հարցն է: Դեպքերի զարգացումներն ինչ ուղիով ընթանան` սիրիահայությունը և հալեպահայությունը չի վերանա: Ինչ էլ պատահի, որքան էլ նոսրանա համայնքը` սիրիահայությունը պիտի գոյատևի: Մենք միշտ շնորհակալ և երախտապարտ ենք եղել մեր աշխարհասփյուռ ազգակիցներին, հայրենիքի մեր հայրենակիցներին և կառավարությանը, որ փորձում են ամեն ձևով օժանդակելու, թեթևացնելու սիրիահայության ցավը: Այո, մենք երախտապարտ ենք, սակայն, չպետք է մոռանալ մի կարևոր կետ: Ինչպես քիչ առաջ ասացի, սիրիահայությունը լուծման ենթակա չէ, գաղութը կա, պետք է մնա և գոյատևի: Բայց եթե վտանգ պատահի, անհրաժեշտ է ցուցաբերել նրանց ապահովությունը երաշխավորող համահայկական զորակցություն: Սփյուռքն իր կապերը, լոբբիստական, այլևայլ կարողություններն օգտագործելով, Հայաստանն իր պետական միջոցներն ի գործ դնելով: Վստահ եմ, որ որևէ մեկը չպետք է թերանա` երաշխավորելու Սիրիայում գոյատևող, գոյապայքարը շարունակող գաղութի ապահովությունը:
Երկրորդ. մեր ցանակությունն է, որ բոլոր նրանք, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից` անպայման հաստատվեն Հայաստանում: Հայրենիք գալն այդքան անկարելի չէ, դժվարությունը Հայաստանում կյանքը ընդունելի պայմաններով շարունակելն է: Բոլոր նրանք, ովքեր Հայաստան են հասնում, շատ բնական է, որ ցանկանում են ընդունելի պայմաններում ապրել: Մենք շատ լավ ըմբռնում ենք Հայաստանի դժվարությունները, սակայն արժանապատիվ կերպով ապրելու համար երկու հիմնական պայմաններ են պետք: Մեկը` բնակության, բնակարան, տուն ունենալու հարցն է, մյուսը` օրապահիկ ձեռք բերելու, աշխատանք ունենալու:
Բնակարանի պարագայում արդեն իսկ առաջարկվեց, որ սիրիահայը անվճար տուն չէ, որ ակնկալում է: Սիրիահայը ցանկանում է, որ դյուրացված պայմաններով, երկարաժամկետ մասնավճարներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունենա: Բայց երբ պահանջում են տան գումարը տալ մեկ-երկու տարվա ընթացքում` սիրիահայը չի կարող: Նախ` արժեզրկվել է Հալեպում մարդկանց ունեցածը, բազմաթիվ մարդիկ հսկայական կորուստներ են կրել, հետո դրամն է արժեզրկվել: Այս դեպքերի պատճառով նրանք չեն կարող այդ գումարները վճարել: Իսկ երկարաժամկետ մասնավճարների պարագայում, այն գումարը, որը նրանք տան վարձ են տալիս, կհատկացնեն բնակարանի մասնավճարներին: Բայց այդ տունը պետք է նախ կառուցել և դյուրացված պայմաններով հատկացնել սիրիահայերին:
Հայաստանում հաստատվող սիրիահայերի համար երկրորդ կարևոր խնդիրը աշխատանքի հարցն է, մարդկանց համար աշխատելու հնարավորություններ ստեղծելը: Իսկ այն գործատերերին, արհեստավորներին, ովքեր կարող են իրենց արդյունաբերական գործը հայրենիքի մեջ շարունակել, ինքնահաստատվելու համար որոշ դյուրություններ պետք է տրվեն` թեկուզ ժամանակավոր: Այդ մարդիկ ունեին իրենց շուկաները ո´չ միայն Սիրիայում, այլև արաբական երկրներում, Եվրոպայում: Նրանք այդ կապերը կարող են ծառայեցնել ի նպաստ Հայաստանի տնտեսության, արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև հայահավաքին, հայրենադարձությանը: Ճիշտ է, հայրենիքը կրթական, բժշկական և այլ գետնի վրա օգնության շատ միջոցներ է ստեղծել: Բայց սրանք մասնակի բաժիններ են, մարդու համար էականը բույնն է և եկամուտը: Այս երկուսի վրա պետք է ուշադրություն դարձնել:
Եվ վերջում դարձյալ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, Սփյուռքի նախարարությանն իրենց հետաքրքրության, զորակցության, օժանդակության և, նամանավանդ, միասնաբար լուծումներ գտնելու համար:
Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը