Արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամին
Սեպտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին մասնակցելու նապատակով, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Նալբանդյանը ողջունեց սենատոր Աբգարովիչի այցելությունը Հայաստան և Արցախ՝ ընգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու տարածաշրջանային գործընթացների մասին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Աբգարովիչը վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Լեհ սենատորը արտգործնախարարին ներկայացրեց Արցախ կատարած իր այցելության տպավորությունները։
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվեց միջխորհրդարանական կապերի դերը և ընդգծվեց դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-լեհական տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այդ առումով կարևորվեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Վարշավայում ընթացիկ տարվա ավարտին:
Նախարար Նալբանդյանն ու սենատոր Աբգարովիչը մտքեր փոխանակեցին մշակութային շփումների ակտիվացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։