Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի առաջին լիագումար նիստը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/11554_am_11.jpg)
Սեպտեմբերի 19-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովը:
Համաժողովին մասնակցում է ավելի քան 1000 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը՝ աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում է 20 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Սփյուռքից մեծ ներկայացուցչություն են ապահովել Ռուսաստանը՝ 129 մասնակից, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 74 մասնակից, ԱՄՆ-ը՝ 77 մասնակից, Վրաստանը՝ 45, Ֆրանսիան՝ 31, Իրանը՝ 25, Կանադան՝ 22: Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակություններ են եկել Հայաստան ամենահեռավոր երկրներից՝ Ավստրալիայից 15 մասնակից, Արգենտինայից 11 մասնակից, Չիլիից 3 մասնակից, Հարավային Աֆրիկայի հանրապետությունից 1 մասնակից:
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը մասնավորապես նշեց. «Անչափ ուրախ եմ ողջունել Ձեզ այս ջերմ մթնոլորտում: Առիթ է ստեղծվել գնահատելու Հայաստանում հավաքված մեր եռամիասնական Հայաստան-Արցախ-Սփյուռք ուժը: Մենք հզոր ենք մեր միասնականությամբ: Հայաստանը զորեղ է եւ անսասան իր երկու թեւերով՝ Հայաստանի երկու պետություններով եւ Սփյուռքով: Աշխարհասփյուռ մեր հայության շահերը նույնն են եւ չեն կարող տարբեր լինել»:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծմամբ սկսվեց Հայրենիք-Սփյուռք գործակցության որակապես նոր փուլ: «Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարությանը հաջողվեց կապ հաստատել աշխարհի բոլոր երկրներում սփռված հայկական կազմակերպությունների եւ ներկայացուցչությունների հետ», – նշեց նա:
Վարչապետը ցավով խոսեց հարեւան Ադրբեջանի կողմից որդեգրված ռազմավարական կեցվածքի, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանները փակ պահելու մասին` շեշտելով, որ նման պայմանները մեր պետությանը ստիպում են գործել առավել ճկուն եւ շրջահայաց: Մեզ համար շատ կարեւոր է, որ հայը մնա եւ իր ապագան կերտի Հայրենիքում:
Վարչապետը նշեց, որ վաղուց անցել են Սփյուռքից բարեգործություն ակնկալելու ժամանակները, այժմ մեր պետությունը կոչ է անում Հայրենիք- Սփյուռք փոխշահավետ գործակցության:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Վարչապետը ցավ հայտնեց, որ Թուրքիան չի հաշտվում իր անցյալի հետ: «Այնուհանդերձ մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք միջազգային հանրության ճիշտ դիրքորոշումը հարցի վրա բեւեռելու ուղղությամբ: Ինչն է կապում աշխարհասփյուռ հայությանը: Աշխարհասփյուռ հայությանը միավորում է մեր պատմական հիշողությունը, բայց ավելի շատ՝ ազատ անկախ Հայաստանը եւ Արցախը, մեր երկու պետությունների հզորացման գաղափարը», -հավելեց վարչապետ Հ.Աբրահամյանը:
Իր խոսքի ավարտին ՀՀ վարչապետը վստահություն հայտնեց, որ միասնական ջանքերով հայ ժողովուրդը ի զորու կլինի հաղթահարել երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը նշեց. «Հոբելյանական 5-րդ համաժողովը ցույց է տալիս, որ այն դարձել է ավանդական: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը լինի անսասան եւ զարգացնի մեր երկու պետությունները: Այս ամառ ղարաբաղաադրբեջանական սահմանին գրանցված լարվածության օրերին մեր համակարգված աշխատանքը, հայ զինվորների բարձր պատրաստվածությունը եւ միակամ կամքը խափանեցին թշնամու բոլոր քայլերը»:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից համաժողովի աշխատակիցներին օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նշելով, որ նախորդ բոլոր համաժողովներն էլ արդյունավետ են եղել Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման ուղղությամբ:
Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարևորեց հայ ընտանիքների աճը: Նշեց, որ սիրիական հակամարտության առաջին իսկ օրերից եկեղեցին եւ պետությունը բոլոր հնարավոր միջոցները կիրառել են՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու խնդիրը, որպեսզի տեղահանված մարդիկ, մասնավորապես սիրիահայերը կարողանան վերադառնալ եւ ապրել իրենց տներում:
Իր օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ հայրապետական օրհնությամբ ողջունելով բոլոր մասնակիցների ներկայությունը: Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ցավով խոսեց արտագաղթի, Արցախի չլուծված խնդիրների մասին: Նա նշեց, որ Սփյուռքը նույնպես ունի իր մարտահրավերները: «Մեր համայնքների կարողությունները կամաց-կամաց դառնում են անբավարար մեր կարիքների համեմատ: Եվ մենք իրավունք չունենք մակերեսային արժեւորումներով մոտենալ համահայկական տագնապներին: Հայոց ցեղասպանսության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք իրավունք չունենք անտարբեր մնալ մեր ազգի բռնաբարված արժեքների նկատմամբ: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումը բերել ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ճշմարիտ եւ ազնիվ պայքարին», – նշեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Օրհնության խոսք ասաց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն: Կաթողիկոս-Պատրիարքը նույնպես կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչման և հայոց պահանջատիրության խնդիրը, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ համարեց Հայաստան-Սփյուռք–Արցախ ողջ ներուժի և հոգևոր կառույցների միասնականությունը:
Ելույթ ունեցավ Հայ Ավետարանական Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական Եկեղեցու ավագ հովիվ Վերապատվելի դոկտոր Հովել Միքայելյանը:
Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, Հայաստանում ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ԱՀՀ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմինա Դրբինյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Հայ ոսկերիչների ընկերակցության նախագահ Գագիկ Գեւորգյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:
2-րդ լիագումար նիստում համագումարի չորս հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (Հայաստան-Սփյուռք գործակցության արդի առաջնահերթությունները և ապագային միտված խնդիրները), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման մասին), Սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը (Հայաստանի Հանրապետությունում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասին) և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Հայկական մամուլի դերը համաշխարհայնացվող աշխարհում):
Համաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Ազգային Ժողովը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, այլ գերատեսչություններ: Համաժողովի հովանավորներն են` «Արարատ» բանկը, Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ավշար» գինիների գործարանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «Գրանդ քենդի» ընկերությունը: տեղեկատվական հովանավորներն են` Հայաստանի հանրային, «Երկիր մեդիա», «Շանթ» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը: Պատրաստվել է սոցիալական գովազդ, որը ցուցադրվում է 7 հեռուստաալիքներով, համաժողովի ընթացքում գործելու է մամլո կետրոն, լուսաբանումն իրականացվելու է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցներով:
Նշենք, որ 1-ին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի ունեցավ 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ 2011թ.ից սկսած այդ առաքելությունն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 4-րդ համաժողովի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրի հանդիսությունների դահլիճում, այն կրում էր Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով անվանումը:
Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համահայկական, համազգային առաջնահերթությունների լուծմանը, հայ ժողովրդի անվտանգ գոյության, ազգային շահերի, նպատակների շուրջ հայության համախմբմանը, ուստի եռամիասնությունը հետևողականորեն և միասնաբար շարունակելու է իր ջանքերը ուղղել.
- Հայաստանի Հանրապետության զորացմանը, հետագա առաջընթացին և ապահովությանը,
- Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծմանը,
- հայապահպանության, ազգային ինքնության պահպանման, ամրապնդման ու աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
- արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը,
- հայ եկեղեցու, համազգային գաղափարների շուրջ հայության համախմբմանը: