«Յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ պետք է ամրանա այն խոր համոզումը, որ մե՛կ է հայ ժողովուրդը՝ Հայաստանով, Ղարաբաղով ու Սփյուռքով».Արամ Ա.

Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում քիչ առաջ մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը:

Համաժողովի բացմանը ներկա են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը,  ուրիշներ:

Համաժողովին մասնակցում են  սփյուռքյան 300 կազմակերպությունների շուրջ 1050 ներկայացուցիչ ավելի քան 60 երկրներից: 

Համաժողովի բացմանը Հայրապետական Պատգամ հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը: Իր խոսքում նա ընդգծեց, որ տագնապներով ու մարտահրավերներով է լեցուն մեր ազգի կյանքը՝ Հայաստանի, Ղարաբաղի թե Սփյուռքի մեջ:

«Ղարաբաղի անվտանգությունը վերջին ամիսներին դարձել է մտահոգիչ։ Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, եւ՝ փոխադարձաբար։ Չենք կարող ձեռնածալ մնալ Ղարաբաղի ներքին հզորությունը ավելի ամրացնելու հրամայականի դիմաց», – ասաց Արամ Ա. կաթողիկոսը։ Անդրադառնալով Սփյուռքի խնդիրներին, նա նշեց, որ Սփյուռքն էլ իր հերթին լուրջ մտահոգություններ ունի և բազմազան ու այլազան մտահոգիչ այդ երեւույթների հանդեպ անտարբեր մնալ չենք կարող։

«Հայրենակերտումը, ազգակերտումն ու հայապահպանումը սոսկ բառեր չեն մեր լեզվի բառարանի էջերը զարդարող, լոկ լոզունգներ չեն մեր խոսքերը համեմող։ Դրանք մեզ համար պետք է դառնան մեր մտածումների ու գործերի արեւելում եւ մեր կյանքին խորք ու նպատակ տվող ամենօրյա ապրում ու մնայուն տագնապ։ Արդ, չենք կարող, իրավո՛ւնք չունենք, պարագայական մոտեցումով ու մակերեսային արժեւորումով վերաբերել համահայկական խնդիրների նկատմամբ»,- իր խոսքում ասաց Արամ Ա. կաթողիկոսը։

«Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի բռնաբարված իրավունքների նկատմամբ. անտարբերությունը ազգային դավաճանություն է»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշեց Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը:

«Բազմիցս ենք ասել ու միշտ պիտի կրկնենք ի լուր մեր ժողովրդի, ցեղասպանի ու միջազգային համայնքի, որ մենք պահանջատեր ենք, ու հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին՝ որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով ու նյութական լայն միջոցներով փորձի նսեմացնել ու չարափոխել մեր պահանջատիրությունը միջազգային շրջանակներից ներս։ Հետեւաբար, կոչված ենք 100-ամյակը բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ նշելու ու այն արժեւորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք կթողեն ու նոր երանգ կտան Հայ Դատի հետապնդման աշխատանքներին։

Մեր հայեցակետով՝ անհրաժեշտ է հայ ժողովրդի իրավունքների հետապնդման աշխատանքը, առաջին՝ սոսկ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նեղ շրջագծից դուրս բերել. եւ երկրորդ՝ Ցեղասպանության ճանաչումը մեր դատի վախճանակետը նկատելու մտածելակերպից ու գործելակերպից հեռացնել։ Հակառակ այն իրողության, որ միջազգային օրենքի տվյալները այնքան էլ նպաստավոր չեն մեր դատին, սակայն, կարծում եմ,  թե ժամանակն է որ Հայ Դատի աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի փոխադրենք իրավական դաշտ։

Ահա այս հաստատ համոզումից ելնելով ուզում ենք այստեղ՝ մեր ազգը ներկայացնող այս հավաքի առջեւ առաջին անգամ հայտարարել, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ թվականին Թուրքիայի Սահմանադրական Դատարանում դատ պիտի բացի՝ պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջ՝ Հայ Եկեղեցուն ու հայ ժողովուրդին։

Ինչպես 1965-ին՝  Հայոց ցեղասպանության 50-ամյակին, մեր երիտասարդությունը Երեւանում քաջություն ունեցավ իր ձայնը բարձրացնելու ու մեր հողերը պահանջելու, 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, վստահ ենք որ նու՛յն երիտասարդների զավակները, այս անգամ ազատ ու անկախ Հայաստանի մեջ, ցեղասպանի ու աշխարհի դիմաց կանգնած, վերանորոգ հավատքով ու ամուր վճռակամությամբ պիտի պահանջեն մեր ժողովրդի արդար իրավունքները, եւ վստահաբար իրենց պիտի միանան ողջ Սփյուռքի մեր երիտասարդները»:

Եզրափակելով իր խոսքը, Արամ Ա. կաթողիկոսն ասաց.

«Յուրաքանչյուր հայի ու ողջ հայության գիտակցության մեջ պետք է ամրանա այն խոր համոզումը, թե մե՛կ է հայ ժողովուրդը՝ Հայաստանով, Ղարաբաղով ու Սփյուռքով։ Մե՛կ է հայ ժողովրդի պահանջատիրությունը։ Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության ամրապնդումը, Սփյուռքի վերակազմակերպումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը՝  կորիզը, հենքն ու նպատակն են  կազմում հայ ժողովրդի պայքարի։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր գործուն ու ամբողջական մասնակցությունը բերելու մեր ժողովրդի սրբազան պայքարին, ամե՛ն տեղ ու ամե՛ն վայրկյան։ Ա՛յս է հայության ճամփան։ Բյո՜ւր օրհնություն ու պատիվ մեր արի ժողովրդին»։

Scroll Up