Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը մեկնարկեց «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» խորագրով՝ (www.PeaceofArt.org)  նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:

Դանիել Վարուժան Հեճինյանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած և Սիրիայում օթևան գտած հայ ընտանիքի զավակ է, ով մանկուց ականջալուր է եղել կոտորածի դաժան պատմություններին և իր ծնողների աչքերով տեսել այն: Հայրենիքի կարոտը և բնատուր տաղանդը զարգացնելու ցանկությունը երիտասարդ Վարուժանին բերեցին հայրենիք:

Հեջինյանը Սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ 1996թ. Մասաչուսեթս նահանգում բարձրացրել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծադիր ցուցապաստառներ: Միջոցառումն ունի ամենամյա շարունակական բնույթ՝ 1996-ից մինչև 2014թ.: Նա միջազգային հանրությանը բացեիբաց ներկայացրել է Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը, որպես անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով ճանաչել այն, դատապարտել ոճրագործին և հատուցում պահանջել:

Ողջունելով հեղինակին և արվեստասեր ողջ հանրությանը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի անունով կնքելով իրենց զավակին՝ նկարչի ծնողները հայ ազգին նվիրեցին տաղանդավոր արվեստագետ Դանիել Վարուժան Հեջինյանին, և եթե գրող Դանիել Վարուժանն իր եղեգնյա գրչով պատկերեց Հայոց վիշտն ու իղձերը, ապա նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը դա արեց վրձնով»:

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Հեջինյանի բրոնզակուռ «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-հուշարձանին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Այն տեղադրվել է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ բոլորի համար տեսանելի վայրում և անվանվել է «Մայր խաչքար», քանի որ քարը խորհրդանշում է մարմինը՝ «Հայրենիքը», իսկ բրոնզը՝ հոգին՝ «Սփյուռքը»:

Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ նկարչի բոլոր ստեղծագործություններում իշխում է սերը՝ Հայրենիքի, կնոջ, բնության, զավակների հանդեպ:

Նկարչի արվեստի և ներկայացված ստեղծագործությունների մասին խոսեց արվեստագետ Շահեն Խաչատրյանը՝ բարձր գնահատելով Հեջինյանի ոճային ինքնատիպությունը, կատարման բարձր վարպետությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս քաղաքի շերիֆ Փիթեր Կուտուջյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ԱՄՆ-ում բնակվող իր հայրենակցի՝ Հայրենիքում բացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար: Հայազգի շերիֆը հպարտությամբ խոսեց իր հայրենակից Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով ստեղծած բարձրարվեստ կտավների մասին, որոնք միջազգային հանրությանը ներկայացրել են 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից իրականացրած ոճրագործությունը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ավարտին խոսեց նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Հայրենիքում իր անհատական ցուցահանդեսը կազմակերպելու վաղեմի երազանքը իրականություն դարձնելու համար:

Հեջինյանն իր շնորհակալական խոսքը հղեց նաեւ կնոջն ու դստերը՝ ցուցահանդեսի կազմակերպման գործում իրեն քաջալերելու համար եւ մասնակիցներին հրավիրեց ցուցասրահ՝ դիտելու ներկայացված կտավները:

Միջոցառումից անմիջապես հետո Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակից Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչները կայցելեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ կդնեն ամեղ զոհերի հուշակոթողին, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ծառ կտնկեն:

1 2 3 4

Scroll Up