Կայացել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, կայացել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը:
«Ակոս» պարբերականը գրում է, որ արդեն վեցերորդ տարին իրականցվող մրցանակաբաշխության ժամանակ մրցանակները հանձնել են զինամթերքի վաճառքի և ատոմակայանների դեմ տարիներ շարունակ պայքարող ակտիվիստ Էնջի Զելթերին և բռնությունների դեմ պայքարով հայտնի, Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է երկու մարդու կամ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն: