Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ և ՀՀ նախագահի մասնակցությամբ` Տավուշի մարզում տեղի է ունեցել Սբ. Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը Խաչվերաց տոնին ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը:
Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012թ. մայիսի 20-ին, կառուցվել է բարերարությամբ լուսահոգի Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը:
Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ Նախագահին քաղաքի մատույցներում դիմավորել են Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ Նախագահին մեծ խանդավառությամբ և պատվով ողջունել է Բերդի բնակիչների բազմությունը: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցու զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Նորին Սրբությունը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր թափորով առաջնորդվել են եկեղեցի, ուր սկսվել է շքեղակառույց եկեղեցու օծման կարգը:
Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ: