ՀՀ նախագահ. Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է
Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած իր ելույթում անդրադարձել է նաև սեպտեմբերի 21-ին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից պայթեցման իրողությանը.
«Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց և պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող»:
Նախագահը խոսել է նաև Սիրայում և Իրաքում տիրող իրավիճակի մասին՝ նշելով. «Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղված աղետալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարվոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում»: