ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի ստեղծման 15-ամյա հոբելյանի առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/images1.jpg)
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրինություն,
սիրելի ուսուցիչներ և աշակերտներ,
հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի ստեղծման 15-ամյա հոբելյանի առթիվ:
Այս դպրոցը կրթական, ուսումնական և դաստիարակչական աշխատանքից զատ այլ խորհուրդ ունի. դպրոցի անվանումը արդեն իսկ ծնողասիրության դաս և օրինակ է մեր սերնդի համար:
Էդվարդ Ավետիսյանը ի հիշատակ իր ծնողների ստեղծեց մի մնայուն հուշարձան, կրթահամալիր, որը մատաղ սերնդին մատուցում է որակյալ կրթություն: Միայն հայրենիքի նկատմամբ սերը, հայրենիքին ծառայելու ձգտումը և կրթության արժեքը հասկացող հայորդին է ընդունակ նման գեղեցիկ և օգտավետ ծրագիր իրականացնել:
Պատմության հոլովույթում հայ ժողովուրդը ամենածանր պայմաններում էլ առանձնացրել և արժևորել է դպրոցի դերը՝ հասկանալով թե՛ կրթական, թե՛ գաղափարական և թե՛ ազգապահպան նպատակը:
21-րդ դարում հայը պետք է լինի կիրթ, բանիմաց, մրցունակ: Այսպիսի հայի կերտման հիմնական դարբնոցը դպրոցն է: Եվ այսօրվա դպրոցը պետք է լինի գեղեցիկ ու բազմաբովանդակ, նորագույն տեխնիկայով հագեցված: Ուրախ եմ, որ Էդվարդ Ավետիսյանի մտահաղացմամբ և հովանավորությամբ այսօր երեխաներին ենք նվիրում միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիր:
Վստահ եմ, որ մանկավարժական կոլեկտիվը կգործի իր բարձրության վրա ոչ միայն մարդակերտումի և հայակերտումի իր առաքելությունը իրականացնելու համար, այլև պահելու և պահպանելու այս հոյակերտ հաստատությունը:
Բարին ընդ ձեզ…
Հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ