Հայաստանում կանցկացվեն Իրանի Փերիո գավառի հայության օրեր

Օգոստոսի 22-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ Երևանում կանցկացվեն Իրանի Փերիո գավառի հայության օրեր:

Օգոստոսի 22-ին, ժամը 14.00-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում  տեղի կունենա Իրանի Փերիո գավառի հայությանը վերաբերող ձեռագրերի ցուցահանդեսի բացման արարողություն: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կընթերցվի ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության ողջույնի ուղերձը:

Կցուցադրվի «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով Ֆիլմը՝ նվիրված վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Գ. Մինասյանի հիշատակին:

Փերիա գավառի ձեռագրերը կներկայացնի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:

Կկազմակերպվի այց ձեռագրատուն՝ տեսնելու Փերիա գավառի ձեռագրերը:

Օգոստոսի 23-ին, ժամը 11.00-ին  ծրագրի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի համալիր, Ցեղասպանության թանգարան, կհանդիպեն Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հ. Դեմոյանի հետ, կզրուցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շուրջ:

Օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կտրվի Սբ. պատարագ, Փերիո գավառի ննջեցյալների Հոգեհանգստի արարողություն:

Օգոստոսի 24-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կկատարվեեն փերիահայ աշուղների ստեղծագործությունները:

Ներկաներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը:

Scroll Up