Օֆելյա Ծատուրյան. «Սփյուռքի նախարարությունը Սփյուռքը Հայաստանին կապող ամուր օղակն է…»
ԱՄՆ Գլենդել քաղաքում գործող Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունն իր ազգապահպան գործունեությամբ հասցրել է բարի համբավ ձեռք բերել: Հարկ է նշել, որ այն հիմնադրվել է 1987թվականին Իրանի Քուշեշ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մի խումբ շրջանավարտների կողմից: Նրանք որոշել են սփյուռքում գտնվող երեխաների հայկական ինքնությունը պահպանելու համար կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ՝ նպաստելով հայապահպանությանը: Առանց վարանելու պետք է արձանագրել, որ այն տվեց իր արգասաբեր պտուղները:
Այժմ ԱՄՆ-ի յոթ տարբեր քաղաքներում շուրջ քսանհինգ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատություն է բացված, որոնցից ամենախոշոր մասնաճյուղը Գլենդելում է: Կրթօջախում աշակերտներին մշակույթ, հայոց լեզու, հայոց պատմություն են դասավանդում, ինչպես նաև հայկական երգի, պարի, ասմունքի խմբակներում նրանք հնարավորություն են ունենում մոտիկից ծանոթանալու հայ մշակույթին, արվեստին և ավանդույթներին: Այստեղ դասընթացները կազմակերպվում են շաբաթական երկու օր՝ չորս ժամ տևողությամբ: Այս կրթական հաստատությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, դասընթացները կազմակերպվում են ամերիկյան պետական դպրոցներում:
Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության կայացման, նորանոր բարձունքների նվաճման, Հայենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում մեծ է այս հաստատության տնօրենի՝ Օֆելյա Ծատուրյանի դերը: Տիկին Օֆելյան մասնագիտությամբ տնտեսագետ է, արդեն երրորդ տարին է, ինչ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության տնօրենն է հանդիսանում: Իր կանացի նուրբ ու քնքուշ կերպարին վայել՝ անսահման սիրով, հավատով և նվիրումով է ղեկավարում կրթօջախը: Տնօրենն իրեն ստանձնած պարտականություններն ուղիղ գծով կարողանում է առաջ տանել, քանի որ անկոտրում ոգի և կամքի մեծ ուժ ունի: Դրդապատճառներից մեկն էլ այն է, որ ցանկանում է Հայաստանից հեռու գտնվելով հանդերձ իր կատարած գործերով օգտակար լինել հայրենիքին: Տիկին Օֆելյան իր բոլոր աշխատակիցներին հավասարը հավասարի պես է ընդունում, իսկ ուսումնական հաստատությունը` իր երկրորդ տունը համարում: Նա առավել խստապահանջություն է ցուցաբերում ուսուցիչների ընտրության հարցում: Մինչև աշխատանքի ընդունելը թեկնածու բոլոր ուսուցիչների հետ հարցազրույց է անցկացնում, ստուգում գիտելիքների մակարդակը, երեխաների հետ շփման հմտությունները, ապա նոր վերջնական որոշում կայացնում և հրավիրում աշխատանքի: Այստեղ սովորում են նախակրթարանից մինչև վեցերորդ դասարանի աշակերտները:
Այժմ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունում դասավանդում են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները: Բարեհամբույր տնօրենը չի սրտնեղում աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Հաճախ ստիպված է լինում մինչև ուշ երեկո աշխատել, սակայն հետո, տեսնելով ստացված արդյունքը, հոգնածությունն ու անցկացրած անքուն գիշերները հօդս են ցնդում: Տիկին Օֆելյան մեզ տեղեկացրեց, որ Գլենդելում հայ ծնողներն իրենց երեխաներին ակտիվությամբ և պատասխանատվությամբ են բերում մայրենի լեզուն կերտելու,և հետևողական են այդ հարցում: Թող զարմանալի չթվա, բայց կրթօջախում նույնիսկ այլազգի երեխաներ են հաճախում, ովքեր ցանկություն են հայտնել սովորել հայերենը: Ինչպես օրինակ՝ կորեացի աշակերտ ունի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը: Միջոցառումների ժամանակ, երբ նրանք հայ երեխաների հետ Հայաստանի օրհներգն են կատարում, տիկին Օֆելյան հպարտությամբ է լցվում: Լսելով օտարի շուրթերից հնչող ոսկեղենիկ հայերենը՝ նրա ուրախությունը պարզապես անսահման է դառնում: Ծնողների, ուսուցիչների հետ մշտական կապի պահպանումը, աշակերտների առաջադիմություններին, թերացումներին հետևելը, դպրոցում առկա խնդիրներին հաղորդակից լինելը տնօրենի անխախտելի գործելաոճն է:
Այս կրթօջախի գործունեության անբաժանելի մասն են կազմում բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը: Մեծ հանդիսավորությամբ են նշվում պետական, ազգային և եկեղեցական բոլոր տոները: Ամանորին ընդառաջ նշվում է «Ձմեռ պապ և ձյունանուշ» ամանորյա հանդեսը, որտեղ մեկտեղվում են դպրոցի բոլոր աշակերտները: Իսկ Մայրենիի տոնի միջոցառմանը աշակերտներն իրենց երախտագիտությունն են հայտնում՝ գնահատելով և մեծարելով իրենց ուսուցիչներին: Առանձնակի շուքով է նշվում տարեվերջյան ավարտական հանդեսը, որը բոլորի համար տոնի է վերածվում: Բարեկենդանի տոնը Օֆելյա Ծատուրյանի սիրելի տոներից է, որն, անխոս, ներառված է կրթական հաստատության միջոցառումների անցկացման ծրագրում: Այսպիսով տիկին Օֆելյան ցանկանում է երեխաների հոգում միշտ վառ պահել հայկական ավանդույթները, այլ ոչ թե հետևել ամերիկյան տոներին և բարքերին: Նաև հաճախակի բաց դասեր են կազմակերպվոմ, որն իր դրական արդյունքն է տալիս կրթության որակի բարձրացման վրա և աշակերտների մեջ առավել շատ հետաքրքրություն առաջացնում ուսուցանվող առարկաների նկատմամբ: Իսկ արդեն սեպտեմբեր ամսից ամբողջ անձնակազմով սկսելու են պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:
ՀՀ սփյուռքի նախարարության մասին տիկին Օֆելյան դրվատանքով է խոսում. դեռևս նախարարության ստեղծման առաջին տարիներից սերտ, բարեկամական կապերի մեջ են եղել, միմյանց հետ աշխատելու տարբեր ուղիներ որոնել, հեռուստակամուրջներ և տեսաժողովներ կազմակերպել: Սփյուռքի նախարարության օժանդակությամբ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատություն ուսուցողական տարբեր դասագրքեր են առաքվել, որն էլ դասընթացները կազմակերպելուն շատ է օգնել: Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքում մատաղ սերնդի դաստիարակության և կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանին պարգևատրել է Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Վերջում Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանն իր շնորհակալական խոսքն ասաց. «Հոգաչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որ մտահղացել է ստեղծելու Սփյուռքի նախարարությունը, որն օտար ափերում գտնվող հայերիս համար Սփյուռքը Հայաստանին կապող ամուր օղակ է: Այս կառույցի գոյությամբ հայրենիքից հեռու պաշտպանված ենք զգում: Չեմ կարող հիացումս և հարգանքս չարտահայտել նախարար Հրանուշ Հակոբյանի հանդեպ՝ մեզ իր ամենօրյա հոգածության ներքո պահելու, ջերմ ու բարի վերաբերմունքի, մարդկային բարձր նկարագրի համար»:
Հիրավի, Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն է՝ ամերիկյան պետական դպրոց հաճախող հայ աշակերտներին հայեցի կրթությամբ և դաստիարակությամբ հայի ոգի սերմանելը, հայրենասեր սերնդի պահպանումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կոչվող համայնակուլ պետությունում:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը