«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերը բացվեցին հանդիսատեսի հոտնկայս ծափողջույնների ներքո
Օգոստոսի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին:
Միջոցառումը բացեց Պոլսի 85-ամյա «Լուսավորիչ Դպրաց դաս» երգչախումբը: Ելույթ ունեցան Վրաստանից «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից «Կոմիտաս», Եգիպտոսից «Արցախ», Սիրիայից «Ովսաննա», ՌԴ-ից «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Արցախի պետական երգչախմբերը:
2014թ. հռչակված է Հովհաննես Չեքիջյանի տարի, որի շրջանակներում Հայաստանում եւ Սփյուռքում միջոցառումներ է կազմակերպում նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Սփյուռքից ժամանած երգչախմբերի կատարումներից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց Մաեստրոյի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը:
Միջոցառման ավարտին աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած երգչախմբերը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ կատարեցին Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված «Կանք ու կլինենք» երգը՝ նվիրված (երաժշտությունը՝ Արա Գեւորգյանի):
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված Արա Գեւորգյանի երգը՝ «Կանք ու կլինենք»:
Հանդիսատեսին շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Չեքիջյանն աշխարհասփյուռ հայության այս հրաշալի խմբերը միավորելով կապելլային՝ մշակութային ռումբ պայթեցրեց, որ պետք է տարածվի ամբողջ Սփյուռքում եւ երկար տարիներ ապրի յուրաքանչյուր հայի սրտում»:
ՀՀ սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց Հովհաննես Չեքիջյանի անսպառ էներգիայի ու տաղանդի հանդեպ: «Մաեստրոն նման է 25-ամյա ավյունով լի, որ զարմանք ու հիացմունք է առաջացնում իր նվիրումով եւ ստեղծագործական անսպառ եռանդով, իսկ րիտասարդի եւ ֆենոմեն Չեքիջյանի կողքին ես միշտ տեսնում եմ նրա ղեկավարած ֆենոմեն կապելլան», – նշեց նախարար Հ.Հակոբյանը:
«Այսօր բեմում Իրանից եկած մեր հայրենակիցները կատարեցին Ապարանի յարի մասին երգը, Արցախից ժամանած երիտասարդները՝ Կոմիտասի յարը, ԱՄՆ-ից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի անդամները նույպես, մոռացած իրենց տարիքը, բեմում հնչեցրին կոմիտասյան գոհարներից, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – և նրանք բոլորն էլ հայ երգարվեստի շնորհիվ ճգնում են հայ մնալ, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին»:
Շնորհավորելով մաեստրո Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նաեւ նշեց. «Աստվածահաճո է Ձեր գործը, Դուք եւ Ձեր կախարդական փայտիկը, որ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ ներկայացրել հայ երգը, ներկայացրել Կոմիտաս Վարդապետին»:
Աստվածաշնչյան պատկերով մագաղաթ եւ ալ կարմիր վարդեր նվիրելով հայ երգարվեստի նվիրյալ Հովհաննես Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հպարտ է՝ նրա ժամանակակիցը լինելով:
Երգարվեստի օրերի հանդիսավոր բացումն ավարտվեց լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափողջույնների ներքո:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնի հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային ռադիոն:
Երգչախմբերը համերգներով հանդես կգան Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում: