Անակնկալ դասընթաց . հանդիպեցին 2012 և 2014 թթ. «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները

Հուլիսի 24-ին  «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի երիտասարդ առաջնորդների առաջին դասն էր «Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով: Դասախոսներն էին` «Վերադարձ Հայաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Մարաշլյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի 2012 թվականի Բելառուսիայի մասնակից, 2013-ին Հայաստան հայրենադարձված Նինա Մեհրաբյանը:

Վարդան Մարաշլյանը խոսեց համայնքային կյանքում երիտասարդների  դերակատարության մասին, կարևորեց նրանց գործունեությունը համայնքն ակտիվ պահելու, լեզվի և մշակույթի պահպանմանն ուղղված ձեռնարկներ իրականացնելու գործում և այլն:

Նինա Մեհրաբյանը եկել էր իր ընկերների` 2012 թվականին երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցած Երազիկ Դալլաքյանի (Սանկտ Պետերբուրգ), Սարգիս Մարգարյանի (Պերմ) և վերջերս հայրենադարձված Արթուր Տաշչյանի (Կրասնոդար) հետ, ինչն անակնկալ էր ներկա գտնվողների համար: Երիտասարդները ողջունեցին միմյանց, կիսվեցին իրենց տպավորություններով, կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայրենիքին կապվելու և Հայրենիք վերադառնալու գործում:

Նինա Մեհրաբյանը մասնակիցներին ներկայացրեց Սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների առանձնահատկությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, խնդիրները և դրանց լուծման ուղիները, ապա երիտասարդներին հավաքեց նախասրահում, կանգնեցրեց շրջանաձև, բայց անհավասար դիրքերում, իսկ ինքը կանգնեց կենտրոնում. երիտասարդները ներկայացնում էին իրենց բնակության երկիրը և խորհրդանշում այն, իսկ Նինան Հայաստանն էր: «Ես ապրում եմ Ռուսաստանում, բայց հաջորդ տարի արդեն կտեղափոխվեմ Հայաստան», «Ես ներկայացնում եմ Հոլանդիան. որոշել եմ. երկու տարի հետո կգամ Հայրենիք` մշտական բնակության» և այլ նմանատիպ արտահայտություններով նրանք մոտենում էին Նինային` Հայաստանին: Այսպի­սով հայրենադարձության մի ինքնատիպ տեսարան ձևավորվեց:

Շնորհակալություն Նինային. այս նախաձեռնությունը շատ հետաքրքիր էր, տպավորիչ ու հոգեբանորեն ազդեցիկ մասնակիցների համար, իսկ «նախկին» և «ներկա» առաջնորդների հանդիպումը ընկերական ևս մեկ խումբ ձևավորեց, որը, վստահ ենք, կընդլայնվի, և դեռ առիթներ կլինեն հպարտանալու նրանցից յուրաքանչյուրով այնպես, ինչպես այսօր` Նինայով:

 

ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչություն

unnamed (1) unnamed (2)  unnamed

Scroll Up