«Արի տուն»-2014. «Հրաժեշտի խարույկը՝ հույզերի տեղատարափ կամ չենք ուզում հեռանալ «Արի տուն» ծրագրից…»
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի ճամբարային օրերն առանձնահատուկ տեղ ունեն մասնակից սփյուռքի պատանիների և աղջիկների համար: Ծաղկաձորում անցկացրած օրերի ընթացքում նրանք ավելի մտերմանում են, դառնում անբաժան մասնիկ, ասել է թե՝ մեկ ընտանիք:
Արդեն ավանդական դարձած հրաժեշտի խարույկը, որը տվյալ ծրագրային փուլի ավարտն է ազդարարում, երեխաների համար դժվարին, հուզառատ պահ է դառնում. զգացումներին տեղի տալով՝ արցունքախառն աչքերով խարույկի շուրջ գրկում են իրար՝ փորձելով հնարավորինս ձգձգել բաժանումը: Նրանք նման կերպ են արտահայտում սրտում տեղի ունեցող պոռթկումը. «Չենք ուզում հեռանալ «Արի տուն» ծրագրից. շատ դժվար է մեզ համար… »:
Հիրավի, երբ կողքից դիտողի կարգավիճակով նայում ես երիտասարդներին, միանգամայն նկատում ես, թե ինչ ջերմությամբ, անկեղծությամբ ու սիրով են լցված միմյանց հանդեպ. արդեն հրաժեշտ տված՝ նորից են լացուծիծաղով փարվում և սկսում թռչկոտել կանգնած տեղում: Մասնակիցների ապրումներին հաղորդակից են լինում նաև «Արի տուն» ճամբարի աշխատակազմը՝ մանկավարժները, միջոցառման կազմակերպիչները, երգի, պարի ուսուցիչները և մյուսները: Ականատես եղա, թե ինչպես էին նրանք հրաժեշտի ժամանակ երեխաների հետ միասին հուզվում և արտասվում: Այս մարդկանց շնորհիվ է, որ սփյուռքահայ երիտասարդները ճամբարում իրենց գիտելիքները հարստացնում են հայրենասիրական տարաբնույթ տեղեկություններով, երգ-բանաստեղծություններով, պարերով: Զրույցի ընթացքում ասացին, որ շատ են կապվում երեխաների հետ, այնքան են մտերմանում, որ ասես հարազատ մարդիկ լինեն իրենց համար:
Սուսաննա Հակոբյանը հայագիտության և խոսքի մշակույթի դասախոս է, «Արի տուն» ճամբարում հայագիտություն է դասավանդում: Շատ տպավորված է երեխաներով, այնքան, որ բառերով չի կարող բացատրել իր զգացողությունները: Տիկին Սուսաննան տեղեկացրեց, որ բոլորն էլ սիրով են մասնակցում հայագիտության դասերին, շատ է ուրախանում, երբ հայերեն ընդհանրապես խոսել չիմացող երեխաներին կարողանում են սովորեցնել մայրենի լեզուն: Հետաքրքրությունը մեծ է հատկապես հայ բանաստեղծությունների հանդեպ: Երբ չեն հասկանում բանաստեղծության իմաստը կամ որևէ բառ, խնդրում են իրենց համար թարգմանեն, որպեսզի հասկանալով արտասանեն, այլ ոչ թե մեխանիկորեն: Տիկին Սուսաննան նկատել է, որ հայրենիքի թեմաներով երգ կամ բանաստեղծություն սովորելիս հուզվում են. հայրենասիրական շունչը նրանց մոտ ուժեղ է շատ:
Սիրանույշ Ղուկասյանը մշակույթի վաստակավոր գործիչ է, ինչպես նաև ռեժիսորի և հոգեբանի մասնագիտություն ունի: Ճամբարային օրերին կազմակերպչական, միջոցառման սցենարային աշխատանքներն է կատարում: Առաջին տարին է, որ համագործակցում է «Արի տուն» ծրագրի հետ: Կարծում է, որ այն փառահեղ ծրագիր է, քանի որ հայրենիքի շուրջն է համախմբում աշխարհով մեկ սփռված հայ զավակներին: Ճամբարում տիկին Սիրանույշը երեխաների համար տարբեր բանաստեղծություններ է գրում, որոնք նրանք արտասանում են տվյալ փուլի ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Տիկին Սիրանույշը երեխաների հետ հաճույքով է աշխատում, քանի որ մեծ բավականություն է ստանում նրանցից, ասում է, որ բանիմաց են, հետաքրքրասեր:
Իսկ Քրիստինե Շերոյանը արդեն չորրորդ տարին է, ինչ «Արի տուն» ճամբարի երգուսույցն է: Ճիշտ է, ամռան այս օրերին Երևանում շատ գործեր է ունենում, բայց ամեն ինչ թողնում է մի կողմ և առանց վարանելու գալիս է Ծաղկաձոր, որպեսզի նորից շփվի ծրագրի մասնակիցների հետ: Քրիստինեն տեղեկացրեց, որ տարբեր խառնվածքի երեխաների կարելի է հանդիպել: Կան բարդույթավորվածներ, որոնց հետ աշխատանքներ տանելով հասնում են այն արդյունքին, որ մերվում են շրջապատի և ընկերների հետ:
Ահա այսպիսին է «Արի տուն» ճամբարը՝ Հայրենիքի շնչով հագեցած օրերով լի, որոնք անջնջելի հետք են թողնում սփյուռքի պատանիների և աղջիկների հիշողություններում: Եվ այդ քաղցր հիշողություններն են դառնում նորից Հայաստան վերադառնալու, հայրենի հողին ոտքերն ամուր դնելու բուն շարժառիթը…Տու՛ն եկեք, սիրելի՛, երեխաներ:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը