Հոլիվուդյան աստղերը վստահում են մեր հայրենակից Սիլվա Չաքմաքչյանին
Երևի քչերը գիտեն, որ հոլիվուդյան քմահաճ աստղերից շատերն իրենց բեմական հագուստների պատրաստումը վստահում են մեր հայրենակից Սիլվա Չաքմաքչյանին:
Բանկային գործ սովորած Սիլվան մոտ 40 տարի առաջ առանց վարանելու թողեց իր մասնագիտական աշխատանքն ու սկսեց զբաղվել նորաձևությամբ: Աշխատասիրությունը նրան շուտով տվեց առաջին դրական արդյունքները՝ Սիլվան հիմնադրեց սեփական կարի արհեստանոցը և ամեն ինչ այդտեղից էլ սկսվեց:
Հիմա Սիլվա Չաքմաքչյանը լոսանջելեսյան Silvias Costumes բրենդի հիմնադիրն է: Այստեղ աշխատում են ամերիկաբնակ շատ հայեր, ուր հիմնականում իշխում է հայկականը:
«Առաջին հերթին աշխատանքի եմ ընդունում հայերին, որովհետև նրանք ձեռքի յուրահատուկ շնորհք ունեն, հենց նրանց շնորհիվ է, որ իմ արվեստանոցն այսպիսի տեղ է գրավում Միացյալ նահանգներում», – նշում է Սիլվա Չաքմաքչյանը:
Նրա խոսքով իրենց մոտ աշխատանքային գրաֆիկ չկա, գիշեր և ցերեկ հաշվի չեն առնվում, եթե կա պատվեր, ապա բոլորը մեկ մարդու նման ներկայանում են աշխատանքի և հենց այստեղ է թաքնված Silvias Costumes-ի հաջողության գրավականը:
Իսկ այս բրենդի հաջողությունն ամենևին էլ տեսական ու բառերով չէ: Բավական է միայն նշել, որ մեր հայրենակցուհու մշտական հաճախորդների թվին են պատկանում այնպիսի համաշխարհային շոուբիզնեսյան աստղեր, ինչպիսիք են Ջենեթ Ջեքսոնը, Շերը, Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Արիանա Գրանդեն, Դայանա Ռոսը, Դոլի Փարթոնը և ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:
«Այս մարդկանց հետ շատ հեշտ է աշխատելը, նրանք գալիս են մեզ մոտ, պատվերը տալիս են, հետո մտերմանում ենք, պարում, ուրախանում, իրենց զգեստը վերցնում գնում են», – պատմում է նա:
Սիլվա Չաքմաքչյանը բացի հաջողակ գործարար կին լինելուց՝ նաև բարերար է, սակայն միշտ նախընտրում է այս մասին չբարձրաձայնել:
«Եթե ես մեկի համար մի լավ գործ եմ անում, կամ օգնում եմ այդ մասին իմանում են երկու հոգի՝ ես և նա, և դա բավարար է, սա է իմ կյանքի սկզբունքը», – ընդգծում է տիկին Չաքմաքչյանը:
Իբրև գործարար կին՝ մեր հայրենակցուհին բազում պարգևներ է ստացել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Արամ Առաջին կաթողիկոսի կողմից էլ տիկին Սիլվան արժանացել է «Կիլիկյան ասպետ» շքանշանին՝ իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ աշխարհասփյուռ հայության ու հատկապես հայրենիքին ուղղած սրտաբուխ նվիրատվությունների համար:
Սփյուռքի նախարարությունը ևս համագործակցում է Սիլվա Չաքմաքչյանի հետ, ով կարևոր ծրագրեր է իրականացնում սիրիահայերի համար հատկապես Հայաստանում: Ստորև ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարարության շնորհավորանքը Սիլվա Չաքմաքչյանին իր հերթական պարգևը ստանալու առթիվ:
Սիրելի՛ Սիլվա, հայ ժողովրդի լավագույն զավակ,
Ուրախ ենք և հպարտ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավական կարևորագույն մի պարգև՝ «Էլիս Այլնդ» Պատվո մեդալը, նվիրվել է Ձեզ` իր արժանավոր հասցեատիրոջը:
Այնտեղ, որտեղ Դուք եք, մե´ր սիրելի Սիլվա, միայն լույս և արև է ճառագում: Ձեզ հաջողվել և հաջողվում է խստապահանջ ամերիկյան հասարակության մեջ մեծագույն գործեր անել: Դուք կարողացել եք այնքան ուժ ու կորով ունենալ, որ հաղթել եք Ամերիկայում բիզնեսի աշխարհում տիրող անասելի դաժան մրցակցությանը, տիրապետել դրա գաղտնիքներին և ծաղկեցնել այն:
Անշուշտ, քիչ է պատահում, որ մեկ մարդու մեջ ներդաշնակվում են ընկերոջ, բարերարի, գործարարի իրական, փայլուն որակները: Դուք Ձեր վարքագծով, Ձեր կեցվածքով, անզուգական կազմակերպչական շնորհքով, պարզ, անմիջական բնավորությամբ, նաև սկզբունքայնությամբ ընդօրինակման արժանի նկարագրի տեր եք, ինչը վստահաբար նպաստել է, որ հենց Դուք մեծարման ու գնահատանքի արժանանաք:
Ձեր այս տեսակը հայտնի է ոչ միայն Ձեր մտերիմներին, այլև լոսանջելեսյան հայկական համայնքին ու Հայրենիքին: Բայց այս ամենի մեջ մենք ուզում ենք առանձնացնել հատկապես մարդկանց օգտակար լինելու ու քաջալերելու Ձեր վարպետությունը, Ձեր հոգու մեծությունը, նրանում ապրող սերն ու անշահախնդիր նվիրվելու պատրաստակամությունը:
Դուք անզուգական մայր եք և հրաշալի տատիկ, լավագույն բարեկամ և հոգատար խնամի:
Ձեր մասնակցությունն AIWA-ի աշխատանքներին առավել ջերմացնում և ոգևորում է աղջիկներին: Այնտեղ հավաքված են տարբեր բնավորության, զբաղմունքի, ճաշակի ու հետաքրքրությունների տեր մարդիկ, որոնք, առանց բացառության, սիրում են Ձեզ, գովաբանում ու կոչում՝ «մեր Սիլվա»:
Կրկին շնորհավորելով` մաղթում ենք Ձեզ նորանոր ձեռքբերումներ և բիզնեսի ծաղկում:
Թող որ կյանքն իր բարեհաճությամբ վարձահատույց լինի Ձեզ բոլոր աստվածահաճո գործերի համար:
Թող Աստծո ամենակարող Աջը միշտ հովանի լինի Ձեզ ու Ձեր ընտանիքին, զավակներին ու թոռներին, մեր լավ, համբերատար, իսկական հայուհի: