ԼՂՀ ԱԺ խմբակցություններն ու պատգամավորական խումբը պահանջում են Լևոն Հայրապետյանին ազատել կալանքից
ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը հանդես են եկել հայտարարությամբ, որով ՌԴ Քննչական կոմիտեից պահանջում է փոխել Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամաբ խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ ասված է.
«Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով՝ ձեռնպահ մնալով քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ` Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից՝ հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն՝ Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի պարզելու այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:
Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը»: