«Իմ Հայաստան-2014».«Հայկական պարեր պարելիս հոգիս գոռում է՝ չնայած, որ հայ չեմ…».Ամիրան Գաբրիլենկո
Ամիրան Գաբրիլենկոյին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացահայտումներից կարելի է համարել: Ամիրանը ծնունդով Դաղստանից է, սակայն այնքան է սիրում հայ ժողովրդին, որ իր սերը հայկական պարեր պարելով է արտահայտում: Տղան այժմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներքո գործող «Հայասա» համույթի պարողներից է: Հարցազրույցը նրա հետ ռուսերենով էր ընթանում, հարցիս, թե հայերեն ի՞նչ բառեր է սովորել մինչև հիմա, ժպտալով պատասխանեց՝«բարև ձեզ», «ո՞նց եք», «ուտեմ քեզ», «փող չկա»…Ասաց նաև, որ խմբի գեղարվեստական ղեկավար Արփինե Ամիրյանը խոստացել է ամեն օր իրեն հայերեն հինգ բառ սովորեցնել:
Ամիրան Գաբրիլենկոն համույթի լիիրավ անդամ է համարում իրեն, շրջապատված է իրեն սիրող և հարգող մարդկանցով, վստահեցնում է, որ օտարի պես չեն ընդունում իրեն: Գուցե պատճառներց մեկն էլ այն է, որ Ամիրանի երակներում ինչ-որ չափով հայի արյուն էլ է հոսում…
-Ամիրա՛ն, ինչպե՞ս հայտնվեցիր «Հայասա» համույթում:
-Ամեն ինչ սկսվեց հայ ընկերներիցս՝ Հովհաննեսից և Արթուրից, ովքեր այս համույթի պարողներից են: Հրավիրված էի Հովհաննեսի եղբոր ծննդյան տարեդարձին: Այնտեղ բոլորը ուրախ պարում էին, միանգամից ուշադրությունս գրավեցին այդ շարժումները և սկսեցի ընկերներիցս հետաքրքրվել հայկական պարերով: Նրանք ինձ խորհուրդ տվեցին հաճախել «Հայասա» համույթ, քանի որ այնտեղ շատ լավ, ընկերական մթնոլորտ է տիրում, ինձ սիրով կսովորեցնեն հայկական պարերը: Այդպես միանգամից որոշեցի և գնացի: Հունվար ամսից արդեն համույթի սաներից եմ: Հպարտորեն կարող եմ ասել, որ առաջին անգամ հայտնվելով «Հայասա» համույթում, հասկացա, որ այլևս հետ չեմ կանգնի հայկական պարերը պարելու վճռից:
-Հե՞շտ սովորեցիր հայկական պարերը:
-Պատկերացրեք՝ դժվարություններ չեմ ունեցել այս հարցում: Շնորհիվ իմ աշխատասիրության՝ կարճ ժամանակում սովորեցի: Մեծ էր նաև ընկերներիս և պարուսույցիս աջակցությունը, ովքեր սրտացավորեն ամեն հարցում կողքիս կանգնած էին: Ինձ այստեղ օտար չեմ զգում:
– Երբ հայկական պարերն ես պարում, ի՞նչ զգացողություններ ես ունենում:
-Նախ ասեմ, որ շատ եմ սիրում «Քոչարի», «Շալախո» պարերը: Առհասարակ, հայկական պարեր պարելիս հոգիս գոռում է՝ չնայած, որ հայ չեմ: Բայց պետք է ասեմ՝ ինչ-որ առումով հայի արմատներ ունեմ.տատիկիս տատիկը Ղարաբաղից է եղել, ծնողներս են պատմել այդ մասին: Երևի հենց դա է, որ հայ ժողովրդի հանդեպ այդքան ջերմ եմ:
-Իսկ ի՞նչ գիտես հայ ժողովրդի մասին:
–Գիտեմ, որ թուրքերի կողմից կոտորված, մեծ ցեղասպանության ենթարկված ազգ եք, որի 100-րդ տարելիցն է լրանում այս տարի: Տեղյակ եմ նաև, որ այլ արհավիրքներ՝ պատերազմներ, երկրաշարժ եք տեսել, բայց չեք կոտրվել, այլ ոտքի եք կանգնել, ուժ հավաքել և շարունակել ապրել: Շատ եմ լսել հայ ժողովրդի հյուրասեր լինելու մասին, եկա և համոզվեցի: Ինձ միշտ հետաքրքրել է ձեր պատմությունը, ուսումնասիրում եմ, գրքեր կարդում այդ մասին:
-Առաջին անգամ ես Հայաստանում, ի՞նչը հատկապես դուր եկավ քեզ այստեղ:
-Երբ օդանավակայանից դուրս եկա, առաջինը, որ զգացի, դա հայկական մաքուր օդն էր, որը շնչելիս թարմանում ես: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ելույթներից հետո էլ, երբ հոգնած ավտոբուս եմ նստում, բացում եմ պատուհանը, շնչում եմ օդը, հոգնածությունս իսպառ անցնում է: Շատ եմ հավանել Հայաստանի ճարտարապետությունը, հատկապես՝ հայկական կարմիր տուֆից պատրաստված շինությունները:
Զրուցեց Գևորգ Չիչյանը