Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռագըփ Զարաքոլուին

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուին:

Ռագըփ Զարաքոլուն  Հայաստան  է ժամանել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի հիման վրա  ստեղծված թուրքերեն միահատորյակի շնորհանդեսին մասնակցելու նպատակով: Շնորհանդեսը կայացել է հուլիսի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ ուշագրավ ելույթով հանդես է եկել թուրք մտավորականը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձ գնահատելով թուրք մտավորականի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշեց. «Ձեզ ընդունում ենք որպես ազնիվ մտավորականի,  եղբոր, որ չի կարողանում ապրել կեղծիքի, ստի և անարդարության մթնոլորտում: Ցեղասպանությունից  անցել է 100 տարի, թուրք ժողովուրդը պետք է ազատվի այդ բեռից և այդ հարցում ժողովրդին պետք է առաջնորդեն Ձեր նման մտավորականները»: Նա առանձնահատուկ կարևորեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերի, աշխատությունների հրատարակումը՝ շեշտելով  Ցեղասպանության ականատեսների վկայությունների փաստագրման և հրապարակման գործում Ռագըփ Զարաքոլուի մեծ ավանդը: «Ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է. Հայաստանի նկատմամբ 25 տարի  շարունակվող շրջափակմամբ, հայկական սփյուռքի հոգեկան տառապանքներով ու դեգերումներով»,- նշեց տիկին Հակոբյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման  իր պայքարը համարեց  պատվո պայքար։ Նա տեղեկացրեց, որ շարունակում է վկայությունների ու ականատեսների պատմությունների հավաքագրումը և առաջիկայում հրապարակելու է ևս 2 գիրք՝ մեկը քրդերի, մյուսը՝ իսլամացած կանանց վկայությունների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց Ռագըփ Զարաքոլուի նշած 2 գրքերի շնորհանդեսը կազմակերպել Սփյուռքի նախարարությունում:  Ի դեպ, թուրք մտավորականը տեղեկացրեց, որ վերսկսել է հայոց լեզվի  տիրապետելու իր ընդհատված դասընթացը, և հույս հայտնեց , որ շուտով Հայաստանում հաղորդակցվելու համար այլևս թարգմանչի կարիք չի ունենա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման, պահանջատիրության,  ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ  կազմակերպվելիք  միջոցառումներին  վերաբերող հարցեր:

Scroll Up