Զապել Վասիլյան. «Վիքիպեդիան արևմտահայերենի պահպանման մեջ մեծ դեր կարող է ունենալ…»
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որը սկսել է գործել 2001 թվականից: Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 122 086 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։
«Հայերեն Վիքիպեդիան» Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու տարբերակն է: Հայաստանում «վիքի» նախագծերի տարածումը և զարգացումը խթանելու նպատակով 2013 թվականի մայիսի 14-ին հիմնադրվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը:
Մեր զրույցն այսօր Զապել Վասիլյանի հետ է: Զրուցակիցս այն կամավորներից է, ովքեր աշխատում են Վիքիպեդիայի արմտահայերեն բաժնի վրա: Տիկին Զապելին հյուրընկալվեցինք իր երևանյան բնակարանում: Թեև մեր հանդիպման առիթը Վիքիպեդիայի շուրջ խոսելն էր, սակայն հնարավոր չէր շրջանցել այն փաստը, թե ինչպես է տիկին Զապելը Հայաստան տեղափոխվել: Նախ այդ մասին:
– Տիկի´ն Զապել, ինչպե՞ս որոշեցիք Հայաստան տեղափոխվել:
– Երբ աղջիկս` Անահիտը, 8-րդ դասարանն ավարտեց, զգացինք, որ հայերենը կամաց-կամաց նահանջում է (թեև հայկական շաբաթօրյա դպրոց էր հաճախում): Մենք ապրում էինք Նյու Ջերսիի հարավում, որտեղ հայեր շատ քիչ կային: Անգամ Նյու Ջերսիի հյուսիսում, որտեղ հայեր շատ էին ապրում, երեխաներն անգլերենով էին միմյանց հետ շփվում:
Ամուսնուս հետ սկսեցինք մտածել, թե ինչ կարելի է անել: Որոշեցինք 1-2 տարով գնալ այնտեղ, որտեղ հայերենով շփվելու կարելիություններ կլինեն. մտածում էինք Լիբանան, Մոնրեալ, Լոս Անջելես կամ Հայաստան ուղղությամբ:
Նախ գնացինք Լոս Անջելես, պտտվեցինք և տեսանք, որ այնտեղ էլ երեխաները մեծամասամբ միմյանց հետ անգլերենով են շփվում: Մոնրեալում հայերենը մի քիչ ավելի էր, բայց եղանակը մի փոքր պաղ էր ինձ համար: Իսկ Լիբանանում վստահ չէինք, թե խաղաղությունը որքան երկար պետք է տևի: Եվ… որոշեցինք գալ Հայաստան:
Եկանք Հայաստան այն համոզմամբ, որ կմնանք երկու տարի և կվերադառնանք: Երկու տարի հետո Անահիտը հայրիկին խնդրեց, որ մեկ տարի ևս մնանք: Մեկ տարի ևս մնացինք…, չորրորդ տարին էլ մնացինք և վերադարձանք Ամերիկա:
Անահիտին արձանագրեցինք համալսարանում: Սեպտեմբերի սկիզբն էր, Անահիտն արդեն համալսարան պետք է գնար, ու նա հայրիկին հրավիրեց պաղպաղակ ուտելու: Երբ տուն եկան, ամուսինս ասաց, որ Անահիտն իրեն խնդրել է վերադառնալ Հայաստան, որ այնտեղ ուսումը շարունակի: Եվ մենք հետ վերադարձանք:
Երբ համալսարանն ավարտեց, մտածում էինք վերադառնալ, բայց Անահիտն ասաց, որ որոշել է այստեղ գործ գտնել:
– Փաստորեն, Ձեզ Անահիտն է Հայաստան բերել: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչը, սերունդ, ով այսօր Սփյուռքում ինքնության կորստի վտանգի առաջ է կանգնած:
– Այո´ (ժպտում է-հեղ.)… Այստեղ է, որ դու քեզ հայ ես զգում:
Մի շատ ցավալի փաստ եմ ուզում արձանագրել: Սփյուռքում այսօր չորրորդ սերունդն է ապրում: Երկրորդ սերունդն արդեն ասում է` հայրս է հայ: Երրորդ սերունդը` 1/8-րդս հայ է, իսկ չորրորդ սերունդն արդեն խորհում է` կարծեմ հայ էլ կար իմ նախահայրերի մեջ:
Անահիտը Ամերիկայում է մեծացել: Այնպես չէ, որ չի սիրում, հանգիստ չի զգում, ընկերներ չունի այնտեղ: Պարզապես Հայաստանի արժեքներն ավելի է տեսնում:
Մի դեպք եմ ուզում հիշել: Անահիտը 5 տարեկան էր, և ես նրան ամեն շաբաթ մեքենայով հայկական դպրոց էի տանում. ճանապարհը մեկ ժամ էր տևում: Մեքենայի հետևի նստարանին նստած` հաճախ էր բարձրաձայն մտածում: Մի օր հարցրեց` մայրի´կ, ինչո՞ւ Հայաստանում քույր-եղբայր միմյանց սիրում են, այստեղ` ոչ: Այդ տարիքում` նման հարց: Ասացի` ո՞վ է ասում, որ այստեղ չեն սիրում, պատասխանեց` չէ´, այստեղ չեն սիրում: Հետաքրքիր նկատողություն 4-5 տարեկան երեխայի կողմից:
Մի անգամ էլ նա ասաց` մա´մ, ինչո՞ւ մենք Հայաստանում աղքատ ենք, այստեղ` հարուստ: Նա ժողովրդի մասին չէր խոսում, պարզապես բաղդատում էր հայաստանյան մեր բնակարանի հարմարություններն Ամերիկայի հետ (մանավանդ որ խոսքը 1995-97 թվականների մասին էր): Հարցրի` Անահի´տ, ո՞ւր ավելի ուրախ է, պատասխանեց` Հայաստանում, ասացի` ո՞րն է կարևոր` աղքատ լինե՞լը, թե՞ ուրախ, պատասխանեց` ուրախ լինելը:
Գիտեք, շատ կարևոր է, որ նա դեռ մանուկ հասակից Հայաստան է եկել, ծանոթ էր հայաստանյան պայմաններին` լավ թե վատ: Նրա համար այդ ամենն այնքան սովորական է, հարազատ:
Հաճախ եմ ասում `գնանք, ավելի նոր շենքում բնակարան գտնենք, ասում է` չէ´, ես իմ հարևաններին, բակը չեմ թողնի: Մարդկային պարզ շփումը, շատ այլ բաներ նրա համար կենցաղային հարմարություններից ավելի կարևոր են:
– Տիկի´ն Զապել, Հայաստանում ինչո՞վ սկսեցիք զբաղվել:
– Քանի որ մտածում էինք, որ մեկ-երկու տարի ենք մնալու, իմ ընտրությունները միշտ կարճաժամկետ էին լինում: Եթե իմանայի, որ այսքան երկար կմնամ, այլ որոշումներ կընդունեի: Հայաստան տեղափոխվելուց հետո իմ առաջին ամենակարևոր քայլերից մեկն այն էր, որ 4-5 հոգով հիմնեցինք Գյումրիի տեղեկատվական կենտրոնը: Երկու տարի ամեն օր Երևանից գնում էի Գյումրի և հետ գալիս: Բախտավոր էի, որ մայրս այստեղ էր: Հետո աշխատեցի ամերիկյան մի քանի ընկերություններում, մի քանի ուրիշ փոքր գործեր էլ արեցի:
– Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ:
– Տիկին Սուսաննա Մկրտչյանը («Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ-հեղ.) խնդրեց օգնել, ես էլ սիրով համաձայնեցի: Ես, և ոչ միայն, պետք է սկսենեք Վիքիպեդիայի արմտահայերեն բաժնի վրա աշխատել: Հիմա փորձում ենք գտնել անձեր, ովքեր ժամանակ, հետաքրքրություն և կարողություն ունեն արևմտահայերենով տեքստեր մուտքագրելու:
Պետք է նվազագույնը 1200 հոդված ունենալ, որ կարողանաս լեզուն մտցնել Վիքիի մեջ` որպես ընդունված լեզու:
Մեր առաջնային նպատակն այդչափ հոդված մուտքագրելն է, այնուհետև սկսել գործածել Վիքիի կարողությունը, որպեսզի արևմտահայերենն ավելի հասանելի լինի:
Շատ գործ կա անելու: Պետք է քաջալերենք, որ ուրիշներն էլ աշխատեն: Որովհետև Վիքիի գաղափարն այն է, որ անհատները պետք է իրենց կարելին անեն` տեղեկությունը փոխանցելու ուրիշներին:
– Օժանդակությունը, աջակցությունը կամավո՞ր է:
– Վիքիի մեջ ամեն ինչ կամավոր է: Վիքիի գաղափարն այն է, որ ով ինչ անում է, պետք է կամավոր անի:
– Վիքիպեդիայում յուրաքանչյուր մարդ կարող է տեղեկություն տեղադրել, ուղղումներ անել: Հետևաբար` որքանո՞վ կարելի է հավաստի համարել Վիքիմեդիայում տեղադրված նյութերը:
– Դա Վիքիի փիլիսոփայութունն է. դու կարող ես հոդված տեղադրել, բայց յուրաքանչյուր մարդ ունի շտկելու հնարավորություն:
Մի դեպք եմ ուզում պատմել: Հայաստանը սովետական օրենքի վրա հիմնված մի օրենք ուներ, որ կառույցի նկարը պատկանում է ճարտարապետին` նրա մահվանից հետո դեռ որոշակի ժամանակ: Թուրքերն օգտվելով այդ օրենքից` Հայաստանի բոլոր նկարները Վիքիից ջնջել էին` պատճառաբանելով, թե ՀՀ օրենքին դեմ է:
Սուսաննա Մկրտչյանի նախաձեռնությամբ այդ օրենքը փոխվեց, և անմիջապես վերականգնվեցին մեր նկարները: Դրանից հետո Ռուսաստանն իր օրենքը փոխեց: Այսինքն` նախկին Սովետական Միության երկրներից Հայաստանը եղավ առաջինը, որ տվյալ օրենքը փոխեց:
Ուզում եմ ասել, որ Վիքիպեդիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Եթե դու անհեթեթ բան գրես, մարդիկ կարձագանքեն, կուղղեն:
– Տիկի´ն Զապել, Արմտահայերեն բաժինը գործածելու համար որևէ բնագավառի հատուկ կարևորություն տրվո՞ւմ է:
– Ո´չ, կարևոր չէ. որքան տարբեր լինեն բնագավառները, այնքան ավելի լավ: Պարզապես ուզում ենք քաջալերել, որ մարդիկ արտահայտվեն, մասնակցեն, իրենց գիտելիքները բաժանեն, որ արևմտահայերեն բաժնի հոդվածները համալրվեն: Յուրաքանչյուր մարդ, Սփյուռքում գործող կազմակերպություն եթե իր պատմությունը մուտքագրի, արևմտահայ, սփյուռքահայ գրողների մասին նյութեր տեղադրի, բաժինը կամբողջանա:
Վիքիպեդիան արևմտահայերենի պահպանման մեջ մեծ դեր կարող է ունենալ: Այդ պատճառով էլ ասում եմ, որ բնագավառը կարևոր չէ: Եթե մեկը կարողանա արևմտահայերենով որևէ բան բացատրել, լեզուն արդեն հասանելի կլինի նրան, ով հետաքրքրված է այդ նյութով:
Նոր ենք սկսում, և մեզ համար ցանկացած աջակցություն, օգնություն շատ կարևոր է: Չեմ կարող ասել, որ շատ արագ կլինի, բայց վստահ եմ, որ կլինի` հաշվի առնելով նաև տիկին Սուսաննայի նվիրումը:
Համեստություն չէ, որ ասում եմ, բայց սա իմ գործը չէ, տիկին Սուսաննայի ու արևմտահայերի գործն է:
Որևէ մեկը, ով հետաքրքրված է, կարող է մտնել մեր ֆեյսբուքյան էջ (https://www.facebook.com/WikimediaArmenia/info) և կապվել մեզ հետ: Մենք նրանց հետ կկապվենք և կանցնենք արդյունավետ աշխատանքի:
Ցանկացողները կարող են նաև գալ գրասենյակ (ք. Երևան, Այգեստան 1/30, Սայաթ Նովա-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ), և այնտեղ աշխատել, որտեղ միշտ հաճելի մթնոլոտ է լինում:
Արևմտահայերեն բաժինը կարծես մեր «ճիտին պարտքը» լինի: Պետք է այնպես անենք, որ լեզուն չկորցնենք: Գեղեցիկ լեզու է և, ի վերջո, մեր ժառանգությունն է:
– Շնորհակալություն Ձեզ, տիկի´ն Սուսաննա: Հուսով եմ, որ շատ շուտով կհանդիպենք և կխոսենք արդեն Արևմտահայերեն բաժնի գրանցած ձեռքբերումների մասին:
Հ.Գ. Ինչպես նշեց Զապել Վասիլյանը, «Արևմտահայերեն բաժինը կարծես մեր «ճիտին պարտքը» լինի»: Խոսքս ուզում եմ ուղղել բոլոր այն մարդկանց, սփյուռքյան կառույցներին, որոնց նույնպես մտահոգում է արևմտահայերենի ճակատագիրը: Յուրաքանչյուրդ, թեկուզ մեկ հոդվածով, կարող եք հարստացնել Վիքիպեդիայի արևմտահայերեն բաժինը, այդ քայլով ոչ միայն «ճիտին պարտքը» կատարել, այլև խթանել արևմտահայ լեզվի տարածումը:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը