«Արի տուն» -2014. Երախտիքի խոսք «Արի տուն» ծրագրին

«Արի տուն» ծրագրի մասնակիցների համար կարևոր կանգառներից մեկը  Եռաբլուր զինվորական պանթեոնն է: Գտնվելով Եռաբլուրում՝ նրանց հայրաբար ընդունում է Եռաբլուր  զինվորական պանթեոնի արարողակարգերի  բաժնի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյանը, ով ծրագրի բոլոր մասնակից խմբերին նույն  հայրենասիրական-ազգային  ոգով  լցված,  մեծ  հուզումով   ամեն  անգամ պատմում  է տեղի նշանակության մասին և միասին այցելում զոհված հայորդիների գերեզմանին ու  գլուխ խոնարհում  նրանց շիրիմներին:

Ալբերտ Առաքելյանն իր սրտի խոսքն է ասում  «Արի տուն» ծրագրին  և  սփյուռքից  ժամանած  բոլոր  երիտասարդներին:

Պարոն Առաքելյանը կարծում  է, որ «Արի տուն»-ը տիտանական աշխատանք է կատարում և մեծ հոգի է ներդնում սփյուռքի երիտասարդներին հայրենիքին կապելու վեհ  գործում. «Ես և մեր զոհված ազատամարտիկների մայրերը խորապես ցնցված ենք այս ծրագրից, քանի որ սփյուռքի սիրելի զավակները, գալով Եռաբլուր, ծանոթանալով տեղի նշանակությանը, այցելելով  մեր  զոհված քաջազուն տղաների գերեզմանին, միանգամից պատվում են հայրենասիրությամբ և վերադառնալով իրենց գաղթօջախները՝ վճռում են Հայաստան  վերադառնալ»,-նշեց Ալբերտ Առաքելյանը:

Ալբերտ Առաքելյանը մեզ պատմեց, որ  ծրագրի տղա մասնակիցները, բնականաբար, ավելի շատ են ոգևորվում: Երբ նրանց ներկայացնում է զոհված ազատամարտիկների կյանքի պատմությունը, մոտենում են, հարցուփորձ անում հայոց բանակից, այնտեղ ծառայելու կանոններից: Տղաների ոգևորությունը կրկնապատկվում է, երբ նրանք զորամաս են գնում, ծանոթանում հայ զինվորի առօրյաին.այդ ժամանակ նրանք, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումով լցված, ցանկություն են հայտնում  վերադառնալ և  համալրել  հայ  զինվորների  շարքերը:

 Ալբերտ Առաքելյանն իր եզրափակիչ խոսքում ասաց. «Այս հզոր «Արի տուն» ծրագրի շնորհիվ է, որ օտար ափերում սփռված մեր երիտասարդների մոտ հայրենիքի շուրջ համախմբված լինելու գաղափարն ենք արթնացնում, հայ արմատին հավատարիմ մնալ սովորեցնում: Փառք ու պատիվ մեր կառավարությանը, մեծարգո Հրանուշ Հակոբյանին և նախարարության ողջ անձնակազմին հայապահպան  ծրագրի կազմակերպման համար»:

Գևորգ  Չիչյան 

unnamed (2) unnamed

Scroll Up