Մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիրը

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Միջոցառմանը կմասնակցի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Պաշտոնական ելույթներից հետո՝ ժամը 11:30-ին, կցուցադրվի «Հոգիների աճուրդ» (երկրորդ անունը` «Ավրորա») հոլիվուդյան ժապավենը` Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։

Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն  առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 24 րոպեանոց ժապավեն, որը, հեղինակային իրավունքը տնօրինողների համաձայնությամբ, փառատոնին է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Կինոդիտմանը կհաջորդի հանդիպում-քննարկում փառատոնի հատուկ հյուրերից մեկի`Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում 2005-ին Մոսկվայում լույս է տեսած «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան ոչ միայն կխոսի հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, այլև կպատմի իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին:

Հանդիպումից հետո կցուցադրվի «Աուշվիտցն իմ ուսուցիչն է» 52 րոպեանոց իտալական ֆիլմը: Տեղեկացնենք, որ հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը:

Scroll Up