«TUMO»-ի նոր նախաձեռնությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն է դիմել Երևանում գործող Թումո («TUMO» ) ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը` Ռուսաստանի հայազգի պատանիներին ծրագրի մասին իրազեկելու խնդրանքով: «TUMO»  կենտրոնը Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությունն է, որն անվճար սկզբունքով տրամադրում է ուսումնառություն Հայաստանի 12-18 տարեկան պատանիների համար:

2011թ սեպտեմբերից` «TUMO»-ի բացումից ի վեր, այս կենտրոնի ուսումնական ծրագրին մասնակցել են հազարավոր պատանիներ: Այսօր «TUMO»-ն ունի ավելի քան 5000 ուսանող: Արդեն երկրորդ տարին է՝ «TUMO»-ն կազմակերպում է Ամառային ճամբար՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող պատանիներին ստանալու տեխնոլոգիական  գործնական գիտելիքներ` անիմացիայի, կայքերի մշակման, խաղերի և ֆիլմերի ստեղծման ոլորտներում:

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի և փոխտնօրեն Արամ Գյումիշյանի այցը Մոսկվա: Հանդիպումներ տեղի ունեցան դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ: Նաև հյուրերի խնդրանքով կազմակերպվեցին հանդիպումներ համայնքային ՀԱԵ Հայորդյաց տուն ուսումնական կենտրոնի և դեսպանությանը կից գործող «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի երիտասարդների և նրանց ծնողների հետ, որոնց ընթացքում ներկայացվեց «TUMO» կենտրոնի գործունեությունը և «TUMO» ամառային ճամբարը: Բացի հիշյալ հանդիպումներից,  ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ «TUMO» կենտրոնի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի առաջատար ԲՈՒՀ-երին, որտեղ ուսանում են հայազգի ուսանողներ, ինչպես նաև Մոսկվայի հայկական այլ կրթական օջախներ` կիրակնօրյա և հանրակրթական դպրոցներ և կենտրոններ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին Մոսկվայում ՀՀ դեսապնաությունից:

Scroll Up