Հայորդյաց տանը սաները զինվում են ոչ միայն գիտելիքներով, այլև՝ ֆիզիկապես
«Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, դրա համար ամեն մի հայ պետք է զինվոր լինի, լինի ուժեղ մարդ, քանի որ ուժեղ մարդու, ուժեղ երկրի հետ հաշվի են նստում»,- Մոսկվայի Հայորդյաց տանը կայացած ձյուդոյի և կարատեի ցուցադրական ելույթները դիտելուց հետո ասաց Կիոկուշին–կանկարատե-դոհամա հայկական ֆեդերացիայի նախագահ Անդանիկ Հակոբյանը։
Հայորդյաց տան ձյուդոյի մարզիչ Հայկ Մուղնեցյանի մոտ պարապում են կրթօջախի 5-14 տարեկան սաները։ Ի տարբերություն ձյուդոյի խմբակի՝ կարատեի խմբակի 11 սաներից 4-ը աղջիկներ են։
ՀայկՄուղնեցյանը և կարատեի խմբակի մարզիչ Արսեն Կարապետյանը իրենց սաների ելույթներից գոհ էին։ Նրանք նշեցին, որ չնայած ելույթ ունեցողները ընդամենը մեկ տարի է, ինչ մարզվում են, սակայն արդեն զգալի հաջողություններ ունեն:
«Սաներիս ելույթը կարող եմ փայլուն համարել։ Այս մեկ տարում նրանք հասցրին ոչ միայն սիրել այս մարզաձևը, այլև յուրացնել որոշակի հմտություններ։ Նրանք սիրով և հաճույքով են գալիս դասերին, որը լավ մարզիկ դառնալու հիմնական նախապայմաններից է»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Մուղնեցյանը:
«Մեկ տարի առաջ մեր պարապմունքները սկսեցինք երկու հոգով։ Այժմ ինձ մոտ մարզվում է 6-12 տարեկան 11 սան։ Պարապմունքներն անցկացվում են յուրաքանչյուր կիրակի 10:30-12:00-ը։ Ընդունելության կարող են դիմել չափահասության տարիքի չհասած բոլոր ցանկացողները»,- նշեց Արսեն Կարապետյանը։
Ելույթների ավարտին Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ սպորտը կոփում է ոչ միայն ֆիզիկապես: Դա բերում է նաև հոգեպես կոփվածության։ Ճապոնիայում կարատեն և ձյուդո նկրթադաստիարակչական համակարգի մաս են կազմում, քանի որ սովորեցնում են կյանքում ճիշտ ապրել»:
Ցուցադրական ելույթներից հետո Հայորդյաց տան տնօրեն Հմայակ Գևորգյանը դպրոցի տարբերանշանով գրիչներ և կրծքանշաններ նվիրեց մարզիկներին, ապա դիմեց նրանց՝ ասելով․«Շատ գովելի է, որ ձեզ համար այս կրթօջախը նաև ֆիզիկապես կոփվելու վայր է, բայց չպետք է մոռանաք նաև կրթվելու մասին։ Հայորդյաց տան յուրաքանչյուր սան պետք է լինի ֆիզիկապես ուժեղ և գիտելիքներով զինված, և, որ ամենակարևորն է, չմոռանա հայերենին լավ տիրապետելու մասին»։
Արմինե Կարեյան, Մոսկվա