Էրդողանի ցինիզմն ու Ցեղասպանության ժխտման նոր քայլը
Հերթական անգամ Թուրքիան ցույց տվեց իր իրական դեմքը, հերթական անգամ Թուրքիան գնաց անամոթության ու բարոյական անկումների ճանապարհով՝ այդպես էլ դասեր չառնելով պատմությունից ու ներկայից, այդպես էլ չկամենալով մաս կազմել քաղաքակիրթ աշխարհի: Իր պատմության ամոթալի էջերի հանդեպ քննադատական վերաբերմունք դրսևորելու, պատմական ճշմարտությունը վերականգնելու փոխարեն՝ Թուրքիան դիմեց նոր պատմական կեղծիքի ու երեսպաշտության, հերթական անգամ հաստատեց, որ սեփական մեղքերը չգիտակցելն այս պետության համար դարձել է բարոյական որակ և քաղաքականություն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ապրիլի 24-ի նախօրեին հղած հայտարարությունը, որը, նրա պատկերացմամբ, հայ ժողովրդին ներկայացված ցավակցություն էր, արդեն իսկ արժանացել է ինչպես հայ կրոնական առաջնորդների, այնպես էլ քաղաքական ու պետական գործիչների սուր քննադատությանը: Իհարկե, ոմանք շտապել էին նշել, թե Թուրքիայի իշխող շրջանակների մտածողության մեջ շրջադարձ է արձանագրվել, թե թուրքական իշխանությունները վերջապես որոշել են մոտենալ պատմական ճշմարտությանն ու խոսել Ցեղասպանության մասին: Ավելին, արևմտյան որոշ մեկնաբաններ, ԱՄՆ պետդեպի մի շարք պաշտոնյաներ ողջունելի էին համարել Էրդողանի հայտարարությունը, այն դիտարկել որպես առաջաքայլ հայ-թուրքական հարաբերություններում: Մինչդեռ, ըստ էության, Էրդողանը հերթական անգամ ժխտել էր Ցեղասպանությունը՝ այժմ նորից սակարկության առարկա դարձնելով Ցեղասպանության փաստը, նորից ու նորից մի ժողովրդի էթնիկ զտման պետական քաղաքականությունը դիտարկել որպես Առաջին համաշխարհայինի ընթացքում տեղի ունեցած «իրադարձություններ», որոնցից տուժել են հայերը, քրդերը, արաբները, հույները, այլք… Այսինքն՝ չի եղել վաղօրորք մշակված ծրագիր, չեն եղել Իթթիհատի որոշումները, չեն եղել զանգվածային տեղահանություններ… Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նորից հենվելով պատմական կեղծիքներն ամրագրելու և հանրության ուշադրությունը ապակողմնորոշելու թուրքական մտայնությունների վրա, խեղաթյուրել էր իրականությունը, առաջ քաշել ինչ-որ երկխոսության, պատմական փաստերը նորից քննարկելու խնդիրներ:
Անամոթության այս հանդեսը, որը սարքել է Էրդողանը, մի նպատակ ունի. հերթական անգամ մոլորեցնել համաշխարհային հանրությանը, ժխտել Ցեղասպանության փաստն ու այն երևութականությունը ստեղծել, թե Թուրքիո իշխանությունները պաշտպանում են իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների շահերը և անգամ ցավակցում են հայերին և մյուս ազգերին… Այսինքն՝ Էրդողանը խուսափում է միջազգային հնչողություն ունեցող հանցագործության ճանաչումից, ավելի է խճողում Ցեղասպանության իրողությունը:
ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ողջունել վարչապետի հայտարարությունը, վկայությունն է այն բանի, որ սույն հայտարարությունը վաղօրոք քննարկվել է ԱՄՆ կառավարող շրջաններում, որ այսպես Օբամա-Էրդողան զույգը որոշել է հերթական ծխածածկույթը ներկայացնել աշխարհին՝ պարտակելու համար մեծագույն ոճիրը, որը մինչև օրս ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի կառավարող շրջանները չեն կամենում ճանաչել: Ապրիլի 24-ի նախօրյակին ԱՄՆ Սենատում ընդունված բանաձևի պաշտոնական մերժման և Էրդողանի այս հայտարարության միջև ուղղակի կապ կա, ինչն արդեն վկայում է ԱՄՆ-Թուրքիա նոր քաղաքական առևտրի մասին: Սակայն հազիվ թե հնարավոր լինի թաքցնել կատարվածը, խույս տալ պատմական և բարոյական պատասխանատվությունից: Անհնար է հերթական անգամ շրջանառության մեջ դնել երկխոսությունների հարցը, երբ այդ երկխոսության հնարավորությունը Հայաստանը տվել էր Թուրքիային, երբ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել համակողմանիորեն քննարկել Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների հարցերը: Դիմելով մեքենայությունների և ապակողմնորոշումների՝ պաշտոնական Անկարան ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի հայ-թուրքական երկխոսությունը մտնի փակուղի, արպեսզի այդպես էլ երևան չգան Ցեղասպանության իրական փաստերը, որպեսզի Թուրքիան խուսափի պատասխանատվությունից: Ուստի Էրդողանի այս հայտարարությունը դառնում է նոր ամոթալի փաստ, ցինիզմի մի նոր դրսևորում: Էրդողանի «ցավակցությունը» ընդամենը սեփական շահերի ու Թուրքիայում իշխող ազգայնական տրամադրությունների արտահայտությունն է, ինչը կունենա իր համարժեք դիմակայությունը, և ինչն արդեն սուր քննադատության է ենթարկվում ինչպես ԱՄՆ-ի հայկական շրջանակներում, այնպես էլ Թուրքիայի առաջադիմական ուժերի քննարկումներում:
Լևոն Մութաֆյան