Արմեն Բուդաղյան. «Հայերին հաջողվել է մնայուն հետք թողնել Սինգապուրում…»
Ազգային բնավորություն է` հայկական հետք փնտրել ամենուր: Մի փոքր առիթ, և սկսում ենք պեղել «յան»-ով վերջացող ցանկացած ազգանուն, սկսում փորփրել հայտնի մարդկանց կենսագրություններ… Երբեմն ծայրահեղությունների գիրկն ենք ընկնում, բայց շատ հաճախ հայկական ներկայությունն այնքան խոսուն է, որ մեզ մնում է միայն զարմանալ, հպարտանալ ու…ափսոսալ…
Այս անգամ հայկական հետքը մեզ տարավ Հարավարևելյան Ասիա` Սինգապուր: Առիթը Սինգապուրում բնակվող գործարար, հայկական համայնքի անդամ Արմեն Բուդաղյանի հետ հանդիպումն էր.
– Արդեն 6 տարի է` Սինգապուրում եմ բնակվում: Երկար ժամանակ ապրել եմ Նոր Զելանդիայում, սովորել, աշխատել եմ այնտեղ: Հետո տեղափոխվեցի Սինգապուր:
Սինգապուրում ունենք փոքրաթիվ (մոտ 80 հոգի), բայց շատ համերաշխ համայնք: Բոլորս միմյանց ճանաչում ենք: Մեզ միավորում, համախմբում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ամենահին քրիստոնեական կառույցն է Սինգապուրում. կառուցվել է 1835 թվականին, օծվել` 1836-ին: Գտնվում է Սինգապուրի ամենամեծ պողոտայի`«Հիլլ»-ի և «Արմենիա» փողոցի միջև: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ազգային պատմական կոթող է (National Historical Monument), ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է: Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է:
Ցավոք, եկեղեցին այսօր չի գործում, որովհետև համայնքը փոքր է, և հոգևորական դժվար է պահել: Փորձում ենք տարին մեկ, երկու անգամ հոգևոր հովիվ հրավիրել, ով եկեղեցական արարողակարգ է անցկացնում: Բայց եկեղեցու դռները միշտ բաց են, որովհետև, ինչպես ասացի, պատմական հուշարձան է և նշված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա:
Եկեղեցու բակում բազմաթիվ տապանաքարեր կան, որոնք ամփոփված են Հիշողության պարտեզում: Եթե ընթերցողներին հետաքրքիր կլինի եկեղեցու մասին տեղեկություններ ստանալ, ապա կարող են այցելել մեր կայք-էջ` armeniansinasia.org: Կայքում ունենք նաև վիրտուալ տուր, որի օգնությամբ կարող են «շրջագայել» եկեղեցում:
Հաջորդ տարի մարտ ամսին նշելու ենք Եկեղեցու 180-ամյակը:
Նախատեսում ենք մինչև ապրիլի 24-ը եկեղեցու բակում խաչքար տեղադրել:
– Պարո´ն Բուդաղյան, այս ամենը (և ոչ միայն) փաստում է, որ հայերը Սինգապուրում մնայուն հետք են թողել: Կցանկանայի, որ մի փոքր այդ մասին խոսեք:
– Հայերը Սինգապուրում հաստատվել են դեռևս 18-րդ դարի վերջին. տեղափոխվել են հիմնականում Մալազիայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից: Հայկական համայնքը երբևէ մեծաքանակ չի եղել, բայց հայերին հաջողվել է կարևոր դեր խաղալ գաղութի կյանքում և մնայուն հետք թողնել Սինգապուրում:
Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ «Ռաֆըլզ» հյուրանոցն այսօր ոչ միայն Սինգապուրի, այլև աշխարհի ճանաչված և գեղեցիկ հյուրանոցներից մեկն է: 1887 թվականին կառուցված լյուքս դասի հյուրանոցի հիմնադիրները Սարգսյան եղբայրներն են: Եղբայրները հյուրանոցային մեծ ցանց են ունեցել: Մինչև այսօր Մալազիայի Պենանկ թերակղզում կանգուն է «Իստերն Օրիենտալ» հյուրանոցը, որի կոնֆերանս-սրահներն այսօր Արշակ և Տիգրան Սարգսյանների անունով են կոչվում: Բիրմայում է գտնվում նրանց կառուցած «Ստրանտ» հյուրանոցը:
Հայուհիները նույնպես իրենց ավանդ են ունեցել երկրի պատմության մեջ: Սինգապուրի խորհրդանիշը համարվում է խոլորձը: Խոլորձի այդ տեսակը ստեղծել է Աշխեն Հովակիմյանը (Ագնես Ջոհակիմ), որը և իր պատվին կոչվում է «Միս Վանդա Ջոհակիմ»: Նրա շիրմաքարն այսօր գտնվում է հայկական եկեղեցու բակում:
– Համայնքը հարուստ ավանդույթներ է ունեցել, հետաքրքիր է` ի՞նչն է պատճառը, որ զարգացում չի ապրել:
– Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի մեծ մասը տեղափոխվել է Ավստրալիա, Նոր Զելանդիա: Իսկ Սինգապուրում մնացած հայերը չեն կարողացել վերականգնել իրենց նախկին բարվոք վիճակը:
Այսօր Սինգապուրում ապրող հայերը տարբեր երկրներից են եկել: Մի քանի ընտանիքներ տեղափոխվել են Հայաստանից: Վերջիններս երաժիշտներ են, շախմատի մարզիչ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետներ, գործարարներ, ֆինանսիստներ: Շատերը, մի քանի տարի Սինգապուրում մնալուց հետո, տեղափոխվում են այլ երկրներ:
– Հետաքրքիր է` համայնքում լեզվի պահպանման խնդիրն ինչպե՞ս է լուծում:
– Երկու ամիսը մեկ հավաքվում ենք, շփվում միմյանց հետ: Հայկական երեկոներ ենք կազմակերպում, որի ժամանակ ելույթ է ունենում «Արմենիան հերիթեյջ» անսամբլը: Փորձում ենք ամեն գնով հայկականությունը պահել: Հավաքույթների ընթացքում միմյանց հետ հայերեն ենք խոսում: Հասկանալի պատճառներով` դպրոց չունենք: Երեխաներ քիչ կան: 2010-11 թվականներին Սինգապուրում ծնվեց 7 հայ երեխա, ինչը շատ ուրախալի, միաժամանակ հազվագյուտ երևույթ էր հատկապես վերջին տարիներին:
Գիտեք, եթե տանը հայերեն են խոսում, երեխան լեզվին կտիրապետի: Իհարկե, գրելու, կարդալու հետ կապված դժվարություններ կունենա, բայց դա ևս ծնողներից է կախված: Ես, օրինակ, շատ կցանկանամ, որ իմ երեխաները ոչ միայն հայերեն խոսել իմանան, այլև հայ մեծանան: Երկու երեխա ունեմ. ճիշտ է` նրանք դեռ փոքր են, բայց փորձում եմ ամեն կերպ Հայաստանի հետ կապել: Եթե Սփյուռքում մեծացող երեխան այսօր հայկականությունից հեռու մեծանա, ապա շատ ավելի դժվար կլինի նրա ապագա սերունդների ճակատագիրը:
Գիտեք, ես միշտ բարի նախանձով եմ նայում այն համայնքներին, որտեղ մեր հայրենակիցները կարողացել են դպրոցներ հիմնել ու դարեր շարունակ իրենց հայկականությունը, ինքնությունը պահել: Հասկանալի է, որ դա հիմնականում կախված է համայնքի մեծությունից: Երբ Նոր Զելանդիայում էի ապրում, այնտեղ հայերը մոտ 150 հոգի էին, գործում էր հայկական կիրակնօրյա դպրոց, և երեխաները կարողանում էին ոչ միայն հայերեն սովորել, այլև միմյանց հետ շփվել:
– Իսկ խառնամուսնություններ կա՞ն:
– Կան, բայց քիչ են նման ընտանիքները: Օրինակ` իմ կինը ռուս է:
– Ձեր երեխաներն ի՞նչ լեզվով են խոսում:
– Ռուսերեն և հայերեն:
– Ձեր կինը հայերեն գիտի՞:
– Հասկանում է, բայց խոսել ամաչում է: Մայրիկս է մեզ հետ ապրում, ինչը ևս կարևոր է երեխաներիս հայեցի դաստիարակության համար: Սփյուռքում տատիկների դերը շատ մեծ է: Համայնքում մի անդամ ունենք, ով կիսով չափ է հայ: Երբ հարցնում ենք, թե ինչպես է հայերեն սովորել, պատասխանում է` մեծ մամս է սովորեցրել:
Սփյուռքում ապրող հայերը մտածում են, որ մի օր վերադառնալու են Հայաստան, բայց թե դա երբ կլինի` դժվար է ասել: Իսկ մինչ այդ, անկախ դժվարություներից, պիտի փորձես քո տեսակը պահել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը