Դեսպան Սհոյանի հանդիպումները Բուլղարիայի Ազգային ժողովում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխայիլ Միկովի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:

Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին:

Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր են գնահատել 99 տարի առաջ  տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից  փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում:

Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպել է    Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսական  կապերի  աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան  հետագա խորացումն  ու ընդլայնումը՝ բարեկամական  խմբերի ուղղակի շփումների միջոցով:

Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունն է հայտնել` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ:

Scroll Up