ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդին և եգիպտահայ գործարար Րաուֆ Պարկուտին
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր հանձնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ, Գերապայծառ Տ. Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսանին և Մոկաբո ընկերության գործարանի տնօրեն Րաուֆ Պարկուտին:
Ներկայացնելով ծնունդով Հալեպից Գերապայծառ Տ. Գրիգոր Օգոստինոս Գուսանի գործունեությունը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ նա 2004թ.-ից Ալեքսանդրիայի Հայոց Կաթողիկե թեմի առաջնորդն է, ով իր հովվապետությունն է իրականացնում նաև Եգիպտոսում, Սուդանում, ՀԱՀ-ում և Եթովպիայում: «Տեր Գրիգոր Օգոստինոս Գուսանը մեր ամենահին համայնքներից մեկի թեմի առաջնորդն է, իսկ մենք գիտենք, որ հոգևոր թեմերը Սփյուռքի համայնքներում միայն հոգևոր գործունեություն չեն ծավալում, այլ նաև կազմակերպում և իրականացնում են հայապահպանությանն ուղղված կրթական, մշակութային անհրաժեշտ աշխատանքներ», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Դեռևս 1938թ., երբ Քեսաբում ըմբոստություն է բռնկվում Թուրքիայի կազմի մեջ մտցվելու դեմ, Քեսաբ է այցելում Սիրիայում և Լիբանանում Պապական նվիրակը, ծանոթանում հայության վիճակին և ներկայացնում Հռոմի Պապին: Այդ իրադարձություններում կարևոր դերակատարություն է ստանձնում կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը, ինչի արդյունքում Քեսաբի շրջանը հետ է միացվում Սիրիային:
«Կարծում ենք, որ Հայ Կաթոլիկ Եկեղեցին կրկին պիտի աշխատանքներ տանի, որպեսզի Հռոմի Պապն այս անգամ ևս հանդես գա Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ»,- նշեց տիկին Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար՝ Հայ Կաթողիկե Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդը հավաստիացրեց, որ մեծ ուրախություն կապրի ողջ թեմը, երբ իմանա իր առաջնորդի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին:
«Գիտեմ, անշուշտ, որ վերադառնալուն պես Եգիպտոսի ոչ միայն հայկական, այլև արաբական թերթերը պիտի գրեն այս մասին, և շատ եգիպտահայեր նույնպես պիտի ցանկանան դիմել՝ ՀՀ քաղաքացություն ստանալու համար»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ հարգելով իր անձը՝ Հայրենիքում հարգել և արժևորել են Հայ Կաթողիկե եկեղեցին:
Ներկայացնելով Եգիպտոսի «Մոբակո» լավագույն հագուստի ընկերության սեփականատեր, հայազգի և արդեն իսկ ՀՀ քաղաքացիություն ստացած Րաուֆ Պարկուտին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր ազգակիցը Եգիպտոսում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող գործարար է: «Տեսնում ենք, որ պարոն Րաուֆն օրինակ է վերցրել սրբազան հորից: Պարկուտները հայրենասեր և գործունյա մարդիկ են, ովքեր իրենց տաղանդի և ձգտման շնորհիվ կարողացել են մեծ հաջողությունների հասնել Եգիպտոսում: Համոզված եմ, որ հաջորդ անգամ ՀՀ քաղաքացիություն պիտի ստանա նրա եղբայր Ջոն Պարկուտը, ով այս պահին ևս դահլիճում է», – նշեց նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին՝ իր համար ամենապատվաբեր պարգևը՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ստանալու կապակցությամբ՝ պարոն Պարկուտը նշեց, որ հաջորդ այցին կփորձի հաղորդակցվել հայերենով: