ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ

Մարտի 20–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ:

 Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Դիմելով երիտասարդներին՝ նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ, սիրելի երիտասարդներ: Կարևոր եմ համարում երիտասարդության ակտիվությունը, որովհետև դրսում ազգի գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցենք մեր լեզուն, մեր ավանդույթները»:

 Ախալցխայից  ողջույնի խոսքով հանդես եկավ և տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Կրթամշակութային կենտրոնի տնօրեն Նանուլի Քեհյանը: Նա նշեց, որ 300-ից ավելի երեխա է հաճախում կենտրոն, որտեղ դասավանդվում է հայերեն, հայոց պատմություն, ինֆորմատիկա, ազգային երգ ու պար : Աշխատում են բարձր պահել ազգային ոգին, հայեցի դաստիարակություն տալ մատաղ սերնդին: Հեռակոնֆերանսին Ախալցխայից մասնակցում էին «Ախալցխայի վերածնունդ» կայքէջի տնօրեն Էդուարդ Այվազյանը, «Ախալցխայի ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը, կենտրոնի ուսուցիչներ և այլք:

 Խոսվեց կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին: Հեռակոնֆերանսի մասնակիցները ներկայացրին Ախալցխայի հայկական համայնքի երիտասարդական թևի խնդիրներն ու անելիքները: Նախանշվեցին  հետա­գա համագործակցության ուղիները:

 ՀՀ սփյուռքի նախախարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց գերատեսչության 2015թ. ծրագրերը՝ խրախուսելով դրանցում Ախալցխայի հայ համայնքի առավել մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, առավել սերտացնել կապը և համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

 Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերի 25-ին և գործում է Ախալցխա քաղաքում:

 Կենտրոնի ստեղծման նպատակն է հայապահպանությունը, հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը, հայոց պատմության և ավանդույթների ուսումնասիրումը, հայրենաճանաչությունը:

 Կենտրոնն ունի 300 աշակերտ: Նրանք սովորում են հայոց լեզու և հայոց պատմություն, անգլերեն, վրացերեն, նկարչություն, շախմատ, մաթեմատիկա, ձեռք են բերում համակարգչային գիտելիքներ, գործում է ազգային երգ և պարի խմբակ (չկա տարիքային սահմանափակում):

 ՀՀ սփյուռքի նախարարությունն աջակցել է մշակութային կենտրոնին և տրամադրել համակարգիչներ, ազգային տարազներ, գրքեր, խմբակների համար՝ շախմատ, ասեղնագործության, նկարչական և այլ պարագաներ:

a1a2

Scroll Up