«Մենք դարձյալ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել սիրահայերին». Աշոտ Ներսիսյան
Համայնքային կառույցները հայապահպանության հիմնական հենասյուններից են Սփյուռքում: Եվ յուրաքանչյուր խրախուսանք ոգևորության, ավելին անելու մի նոր խթան կարող է դառնալ: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքում Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգամշակութային ինքնավարությունը» արժանացավ գլխավոր մրցանակի` «Լավագույն համայնքային կառույց» անվանակարգում:
Մրցանակաբաշխությանը ներկա էր Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի փոխնախագահ Աշոտ Ներսիսյանը, ով նշեց, որ մրցանակը շատ կարևոր է համայնքի համար.
«Մեր համայնքն ունի ամենօրյա և կիրակնօրյա դպրոց, երիտասարդական, կանանց, վետերանների միություն: Մրցանակն այս բոլոր օղակների քրտնաջան ու հայրենանվեր աշխատանքի արդյունքն է, ինչն ուրախացնում է, ոգևորում և պարտավորեցնում, որ հետագայում ավելի լավ աշխատենք»:
Պարոն Ներսիսյանի հավաստմամբ` իրենց աշխատանքի հիմնական առանցքը հայապահպանությունն է.
«Նահանգում այսօր մոտ 100 հազար հայ է ապրում: Մեր բոլոր կառույցները նախևառաջ զբաղվում են հայապահպանությամբ, որ դրսում ապրող հայը չհեռանա իր արմատներից, չմոռանա իր լեզուն: Իհարկե, կան մարդիկ, խառնամուսնություններից ծնված երեխաներ, ովքեր լեզվի հետ կապված դժվարություններ ունեն, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ համայնքը հայախոս է:
Առանց չափազանցության՝ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի միջոցառումներ ենք կազմակերպում, ակտիվ մասնակցություն ենք ունենում նաև համաքաղաքային միջոցառումներին»:
Իմ այն հարցին, թե որն է համայնքի աշխուժության հիմնական գրավականը, պարոն Ներսիսյանն այսպես պատասխանեց.
«Երևի այն, որ ունենք հայրենասեր հայրենակիցներ, ովքեր աշխատում են մեծ եռանդով, և գործն առաջ է գնում: Մարդիկ գումարներ, ուժ, ժամանակ են ներդնում, որ համայնքը ոչ մի բանի կարիք չունենա:
Ցանկությունս է, որ հայրենասեր հայեր շատ լինեն: Նրանց շնորհիվ մեր գործերը թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանում լավ կլինեն»:
Մրցանակաբաշխության մրցանակակիրներից մի քանիսն իրենց դրամական պարգևները փոխանցել են բարեգործական նպատակներով: «Լավագույն համայնքային կառույց» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգամշակութային ինքնավարությունը» դրամական մրցանակը (500.000 ՀՀ դրամ) փոխանցեց Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասին.
«Երբ իմացանք, որ գլխավոր մրցանակի ենք արժանացել, շատ ուրախացանք: Միաժամանակ համայնքային կառույցները միասնաբար որոշեցին գումարը նվիրաբերել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Մենք պատրաստ ենք դարձյալ օգնություն ցուցաբերել սիրահայերին: Սա առաջին դեպքը չէ, որ Սանկտ Պետերբուրգի համայնքը օգնում է սիրիահայերին: Հունվարի 18-ին համայնքը տարեվերջյան միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ հավաքված գումարը նույնպես փոխանցեցինք «Նոր Հալեպ» թաղամասին:
Առաջիկայում ևս, մեր հնարավորությունների սահմանում, պատրաստ ենք օգնելու մեր սիրիահայ հայրենակիցներին, ովքեր դժվար կացության մեջ են հայտնվել»,- իր խոսքը եզրափակեց Աշոտ Ներսիսյանը:
Լուսինե Աբրահամյան