Օրհան Փամուկը երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի

Մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը: Երկօրյա այցի ընթացքում Օրհան Փամուկը կանցկացնի երկու հանդիպում: Առաջին հանդիպումն արդեն մարտի 12-ին կկայանա ուսանողների հետ «Ազատ համալսարանում», մարտի 13-ին ժամը 19:00-ին կկայանա Փամուկի հանդիպումը ընթերցողների հետ Շ.Ռուսթավելու անվան թատրոնում:

Օրհան Փամուկ` թուրք գրող, Նոբելյան մրցանակի առաջին թուրք գրող դափնեկիրը գրականության ասպարեզում: Հասարակության լայն շերտերին Փամուկի անունը հայտնի դարձավ պատվավոր Նոբելյան մրցանակը ստանալուց որոշ ժամանակ առաջ, և նրա հռչակը կապված է այն բանի հետ, որ Օրհանը դարձավ մեկը ոչ շատ թուրքերից, որը չվախեցավ և Թուրքիայում բացեիբաց խոսեց 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության մասին:

Ամեն ինչ սկսվեց 2005թ.ի փետրվարին, երբ Փամուկը հարցազրույց տվեց շվեյցարական «Das Magazin» շաբաթաթերթին: Այնտեղ նա հայտարարեց, որ «Թուրքիայում սպանվել է 30 հազար քուրդ և մեկ միլիոն հայ»:

«Բայց գրեթե ոչ ոք չի համարձակվում դա ասել, այնպես որ, ստիպված ես պետք է ասեմ»,-ավելացրել է Փամուկը:

Թուրքիան, որն ակտիվորեն պայքարում է 1915-23թթ. Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, վրդովվեց: Երբ սկսվեց հետապնդումը, գրողը ստիպված էր հեռանալ երկրից և որոշ ժամանակ ապրել Անգլիայում: Ավելի ուշ նա վերադարձավ երկիր, որտեղ հրապարակայնորեն բացատրեց իր խոսքերը BBC-ում: Փամուկն ասաց, որ ընդամենը ուզում էր պաշտպանել խոսքի ազատությունը, որը Թուրքիայի համար միակ հուսադրումն է՝ պատմության հետ հաշտվելու: «Օսմանյան հայերի ճակատագրի հարցը տաբու է մեր երկրում: Բայց մենք պետք է խոսենք այդ մասին», -հայտարարեց նա այն ժամանակ:

2005թ.ի ամռանը թուրքական իշխանությունները իրենց օրենսդրության մեջ մտցրին № 301՝ «թուրք ժողովրդի վիրավորանքի մասին» հատուկ հոդվածը և ըստ դրա Փամուկի դեմ մեղադանք հարուցեցին: Թուրքական դատարանը Օրհան Փամուկին 3850 դոլար տուգանք նշանակեց` հայերի և քրդերի ցեղասպանության մասին արած իր հայտարարության համար:

«Տնտեսական և հասարակական գիտությունների» թուրքական ֆոնդի նախագահը Փամուկի դատապարտումը անվանեց «խայտառակության ակունք Թուրքիայի համար»: «Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը: Դա չի կարող հանցագործություն լինել, եթե դա չի արվել հասարակության մեջ ատելություն կամ բռնություն բորբոքելու նպատակով: Փամուկը խոսել է ինչպես հեղինակ: Ինձ համար դատարանի որոշումը լիովին սխալ է», -ասել է նա:

Հայերի ցեղասպանության հարցով իր արտահայտած դիրքորոշման պատճառով գրողի քննադատման փաստը մեծ արձագանք ունեցավ  ամբողջ աշխարհում: Եվրամիությունը կոչ արեց Թուրքիային չեղյալ հայտարարել «թուրք ժողովրդի վիրավորանքի մասին» №301 հոդվածը, բայց ստիպել Թուրքիային դա անել՝ այդպես էլ չկարողացավ:

2006թ.ին գրողն արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության ասպարեզում: «Հայրենի քաղաքի մելանխոլիկ հոգու փնտրտուքների մեջ մշակույթների բախման և միահյուսման նոր խորհրդանիշներ գտավ»,-այդպես էր հնչում պարգևատրման պատճառը Նոբելյան հանձնաժողովի հայտարարության մեջ, բայց հասկանալի էր, որ վերջին տարվա (2005թ) իրադարձությունները դափնեկրի ընտրության մեջ քիչ դեր չխաղացին:

Իր ստեղծագործություններում Օրհան Փամուկը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Թուրքիայի ոչ թուրք ժողովուրդների հետապնդման թեմային: Ահա մի քանի հատված իր «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» գրքից:

«…Սարսափելի իրադարձություններ 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ին: Հունական Սալոնիկ քաղաքում թուրքական հատուկ ծառայության գործակալը ռումբ գցեց տան մեջ, որտեղ ծնվել է Աթաթուրքը: Այն բանից հետո, երբ Ստամբուլյան թերթերի հատուկ թողարկումը տարածեց այդ լուրը ամբողջ քաղաքով մեկ (գերչափազանցված տեսքով), Թաքսիմ հրապարակում հավաքվեց ագրեսիվորեն տրամադրված ամբոխ: Սկզբում խռովարարներն իրենց զայրույթը ուղղեցին Բեյօղլուի խանութների վրա, որտեղ ես գնում էի մայրիկիս հետ, իսկ հետո մինչև առավոտ շարունակեցին թալանել և այրել ամբողջ Ստամբուլով մեկ:

Ամենասարսափելի իրադարձությունները կատարվում էին քաղաքի այն շրջաններում, որտեղ ապրում էին շատ հույներ. Օրթակյոյում, Բալիկլիում, Սամաթիեում, Ֆեներեում… Խռովարարների խմբերը ավերում և այրում էին նպարեղենի և կաթնեղենի համեստ խանութները, ներխուժում էին տներ և բռնաբարում հույն և հայ կանանց: Կարելի է ասել, որ իրենց վայրենությամբ նրանք չէին զիջում Մեհմեդ Բնակալին` Ստամբուլի գրավումից հետո նրա թալանողին: Քաղաքը պատելով սարսափով և վերածելով այն իսկական դժոխքի՝ արևելքի դաժանության մասին բոլոր քրիստոնյա եվրոպացիների պատկերացումները գերազանցող անկարգությունները շարունակվեցին երկու օր: Ավելի ուշ պարզվեց, որ դրանց կազմակերպիչները` խրախուսող իշխանությունները, ասում էին խռովարարներին, որ իրենց գործողությունների համար ոչ մի պատիժ չեն կրի:

Առավոտյան Իստիկլյալը և Բեյօղլուի այլ քաղաքներ լցված էին ապրանքներով, որոնք կողոպտիչները չէին կարողացել տանել ավերված խանութներից, բայց հաճույքով քանդել ու վերածել էին փշուրների: Ամեն տեղ ընկած էին տարբեր տեսակի կտորների և գույների կույտեր, գորգեր, հագուստ, այն ժամանակ նոր-նոր Թուրքիայում երևացող` շրջված սառնարաններ, ռադիոընդունիչներ, լվացքի մեքենաներ, կոտրված ճենապակյա սպասքներ, պատռտված խաղալիքներ(այն ժամանակ ամենալավ խաղալիքի խանութները գտնվում էին Բեյօղլուում), խոհանոցային տեխնիկա, ջահերի կտորներ և այն տարիներին ժամանակակից ակվարիումներ… Այստեղ-այնտեղ երևում էին կոտրված հեծանիվներ, շրջված կամ այրված մեքենաներ, ջարդված դաշնամուրներ և ցուցափեղկերից հանված շորերի մեջ փաթաթած մանեկեններ` կոտրված թևերով, անտարբերությամբ երկնքին նայող: Մոտակայքում կանգնած էին անկարգությունները հարթելու համար շատ ուշ եկած տանկեր»: Ստամբուլ`հիշողությունների քաղաքը », Օ.Փամուկ):

«…Իմ մանկության և պատանեկության տարիներին Ստամբուլը համառորեն կորցնում էր իր կոսմոպոլիտական տեսքը:  Գոթյեն (և ոչ միայն նա) վկայում է, որ իմ ծնունդից հարյուր տարի առաջ քաղաքի փողոցներում հնչում էր թուրքական, հունական, հայկական, իտալական, ֆրանսիական և անգլիական խոսքը: Իմանալով, որ այդ բաբելոնյան դժոխքում ապրող շատ մարդիկ ազատ խոսում են մի քանի լեզուներով` Գոթյեն, որպես ճշմարիտ ֆրանսիացի, տիրապետելով միայն իր մայրենի լեզվին, փոքր-ինչ ամոթ զգաց: Հանրապետության հաստատումից հետո Պետության կողմից ձեռնարկվող Ստամբուլը թուրքականացնելու փորձերը (դրանք կարելի էր անվանել Կոստանդնուպոլսի գրավման ավարտը կամ իր տեսակի մեջ էթնիկ մաքրում) նպաստում էին կենցաղից այդ լեզուների վերացմանը: Հիշում եմ՝ մանկությանս տարիներին բավական է՝ մեկը բարձրաձաայն խոսեր հունարեն կամ հայերեն (քրդերը մարդկանց մեջ գերադասում էին ընդհանրապես չխոսել իրենց մայրենի լեզվով), միանգամից նրանց վրա սուլում էին. «Քաղաքացինե՛ր, խոսե՛ք թուրքերեն»: Այդ նույն  բառերն էին գրված ամեն տեղ կախված տարբեր պաստառների վրա»:Ստամբուլ`հիշողությունների քաղաք»,Օ.Փամուկ):

«…Դատարկ բնակարաններ, հետապնդումից փրկված հույներից, հայերից ու հրեաներից լքված տներ՝ կարծես հեռանկարին մարտահրավեր նետող, նրանք բոլորը մի քիչ թեքվել էին (մի քանիսը հենվում էին իրար, ասես ծաղրանկար), դեֆորմացված տանիքներ, արկեր, պատուհանի շրջանակներ. այս ամենը տեղի բնակիչներին ընդհանրապես գեղեցիկ  և ճիշտ չէին թվում, որովհետև խոսում  էին աղքատության, հուսահատության և լքվածության մասին: Միայն նա, ով դրսից էր գալիս է այս խեղճ թաղամաս, կարող էր հիանալ բնանկարի ամայության պատահական գեղեցկությամբ» Ստամբուլ`հիշողությունների քաղաք»,Օ.Փամուկ):

 http://armenian-community.ge/

Scroll Up