Շվեյցարիան պահանջելու է, որ Փերինչեքի գործը ՄԻԵԴ Գերագույն պալատ ուղղվի մինչև մարտի 17-ը
Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: Այս մասին մարտի 11-ին պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին՝ Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչև մարտի 17-ը:
«Գործի վերանայումը կհստակեցնի այն շրջանակը, որի սահմաններում շվեյցարական իշխանություններին կթույլատրվի կիրառել ռասիզմի դեմ պայքարի շվեյցարական քրեական օրենքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում է Գերագույն պալատ դիմել նաև այն դեպքերում, երբ բարձրացվում են լուրջ հարցեր, որոնք ազդում են կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վրա:
Սույն գործում Շվեյցարիային գլխավորապես հետաքրքրում է այն շրջանակի հստակեցումը, որը հնարավորություն կտա տեղական իշխանություններին կիրառել Շվեյցարիայի քրեական օրենսգրքով սահմանված ռասիզմի դեմ պայքարի դրույթը: Շվեյցարիան քրեական օրենսգրքի այս դրույթն ընդունել է, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ին` փակելու համար քրեական օրենսգրքում առկա սողանցքները և որպեսզի հնարավորություն ընձեռվի երկրին միանալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային»,- ասվում է հաղորդագրությունում:
2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17- ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
armenpress.am