Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը` դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար միայն զարգանալու և նորանոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտությունը:
Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը, ով մասնավորապես ընդգծեց լեհ հասարակությանը Սումգայիթի ջարդերի, Գուրգեն Մարգարյանի սպանության և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունը:
Ապա հավաքվածների կողմից տեղի ունեցավ մոմավառության արարողություն, և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի առջև, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: