Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել մասնակցելու փետրվարի 21-ին կայանալիք` Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնել է Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի Ֆրանսիայի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովցյանը ֆրանսահայ «ԱՅԲ» ռադիոկայանի եթերում:

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի հայ և հրեա համայնքների կողմից` օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և վերջիններիս կողմից գնդակահարված Միսաք Մանուշյանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով:

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված արարողությամբ սկիզբ է դրվելու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ծրագրին:

Գրիգոր Ամիրզայան

Scroll Up