Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, փետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խոսրով քհն. Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ուսումնասիրելու Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: