Ալեքսիս Գովչյանը պարզաբանել է

Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ոչ կառավարական խորհուրդ, որը կարող է համակարգել Հայաստանի և համայնքների միջև համագործակցությունը:  Ահա այսպիսի կարծիք է հայտնել Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչյանը:

«Ոչ բոլոր հարցերը կարելի է լուծել կառավարական կառույցների միջոցով, անհրաժեշտ են նաև հասարակական նախաձեռնություններ»,- ասել է նա: Անտարակույս, ուրախալի է այն հանգամանքը, որ Սփյուռքի մեծաթիվ ներկայացուցիչներ նոր հայացքով են գնահատում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, ջանում են այդ հարաբերություններին հաղորդել նոր որակ: Սակայն հատկապես սույն կարծիքը մեկ անգամ ևս հաստատում է այն միտքը, որ տակավին ճշգրտությամբ չեն ընկալվում այն ջանքերը, որոնք ներդնում են Հայաստանի իշխանությունները` Սփյուռքի հետ գործուն և համակողմանի գործակցություն հաստատելու համար: ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որը ձևավորվել է երեք տարի առաջ` նպատակ ունենալով համակարգել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մշակել այդ հարաբերություններին նպաստող նոր կառուցակարգեր, արդեն իսկ խնդիրները տեղափոխում է միանգամայն նոր հարթություն, հանրային-համայնքային շփումները տեղավորում պետական քաղաքականության ծիրի միջ, հեռանում սոսկ հայրենակցական-մշակութային հարաբերություններից: Սփյուռքի նախարարությունը հզոր կառույց է` իր բազմաթիվ վարչություններով ու բաժիններով, որոնք էլ համակարգում են Հայաստանի և համայնքների միջև համագործակցությունը` օգտագործելով համայնքների ներուժը: Հենց այդ համագործակցության բարելավման և նոր մեթոդների մշակման համար էլ հրավիրված էր Համաժողովը, որն  իրապես դրական և օգտակար արդյունքներ կունենա հետագայում: Նախարարությունն ունի Ատյան, որի կազմում ընդգրկված են Հայաստանի և Սփյուռքի անվանի գործիչներ: Ուրեմն, ոչ կառավարական խորհրդի ձևավորումն այս դեպքում դառնում է ինքնանպատակ: Գուցե առավել գործնական կլինի, եթե համայնքներում ստեղծվեն ՀՀ  Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը համակարգող ոչ մեծ խորհուրդներ, որոնք առավել նպատակային կդարձնեն շփումներն ու փոխգործակցությունը, տարերային այցերին կհաղորդեն հայեցակարգային-գործնական որակներ: Ի դեպ, նման գաղափարին կողմնակից էին Համաժողովի մի շարք պատվիրակներ, ովքեր բարձր գնահատելով հայրենի կառավարության և Սփյուռքի ջանքերը` շեշտում էին այն հանգամանքը, որ շատ համայնքներում համակարգված չէ աշխատանքը, երբեմն համայնքների շատ անդամներ հեռու են համայնքային ծրագրերից և միջոցառումներից, տեղյակ չեն Հայրենիքի հետ տարվող համատեղ աշխատանքների մասին, ինչի արդյունքում էլ հաճախ իրենք են անձամբ դիմում Սփյուռքի նախարարություն ` լուծելու իրենց առջև ծառացած մի շարք հիմնահարցեր:

Ալեքսիս Գովչյանը  նաև մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած սկանդալը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին արտահայտությունների առիթով, որոնք խեղաթյուրված տարածվել են թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում:

«Ազնավուրի ամեն խոսքի կշիռն այնքան ծանր է, նրա հեղինակությունն այնքան մեծ է, որ հազիվ թե թուրք քաղաքական գործիչներին հաջողվի վարկաբեկել նրան»,- ասել է նա:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերը խեղաթյուրվել են թուրքական ԶԼՄ-ների կողմից: Մասնավորապես, ինչպես նշել է թուրքական HaberTurk-ը, Ազնավուրը իբր նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսության պարզեցման և հայ-թուրքական սահմանի բացման համար հայերը պետք է «Ցեղասպանության» փոխարեն այլ բառ գործածեն: Ավելին, «նման հայտարարությունների արդյունքում երգիչը խիստ քննադատության է ենթարկվել Ֆրանսիայում հայ համայնքի կողմից», հաղորդել է գործակալությունը:

Սակայն ֆրանսիական հեռուստատեսության լրագրողի հետ Ազնավուրի զրույցի սղագրությունից պարզ է դառնում, թե իրականում շանսոնյեն ինչ է նկատի ունեցել` առաջարկելով «ցեղասպանություն» բառը փոխարինել մեկ ուրիշով:
Պատասխանելով լրագրողի հարցերին` Ազնավուրը նշել է, որ «ցեղասպանությունը» մի բառ է, որը իրեն խանգարում է, քանի որ եթե թուրքերն իսկապես այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, «մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»: Դեսպանի խոսքով՝ ողբերգության աստիճանը բառը չէ, որ պետք է որոշի. «Այն փաստը, որ թուրքերը ցանկացել են սպանել, զանգվածային կերպով ոչնչացնել հայերին, այդ է կարևորը, այլ ոչ թե բառը»:

Մեկնաբանելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` Ազնավուրը նկատել է, որ դա, ամենայն հավանականությամբ, պատվի հարց է, որը գետնով կտան կատարվածը ճանաչելուց հետո:

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխարինելու «ցեղասպանություն» բառը մեկ ուրիշով, քանի որ այն խանգարում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ընդ որում, նա նաև ցանկություն է հայտնել այցելելու Թուրքիա` նշելով, որ թուրքերը շատ լավ ժողովուրդ են:

Պատրաստեց  Լևոն Մութաֆյանը

Scroll Up