Ալեքսիս Գովչեանը պարզաբանել է
Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ է ստեղծել ոչ կառավարական խորհուրդ, որը կարող է համակարգել Հայաստանի եւ համայնքների միջեւ համագործակցութիւնը: Ահա այսպիսի կարծիք է յայտնել Հայ-ֆրանսիական յարաբերութիւնների խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչեանը:
Ալեքսիս Գովչեանը նաեւ մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած սկանդալը Շուեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյէ Շառլ Ազնաւուրի վերջին արտայայտութիւնների առիթով, որոնք խեղաթիւրուած տարածուել են թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում:
§Ազնաւուրի ամէն խօսքի կշիռն այնքան ծանր է, նրա հեղինակութիւնն այնքան մեծ է, որ հազիւ թէ թուրք քաղաքական գործիչներին յաջողուի վարկաբեկել նրան»,- ասել է նա:
Շուեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյէ Շառլ Ազնաւուրի խօսքերը խեղաթիւրուել են թուրքական ԶԼՄ-ների կողմից: Մասնաւորապէս, ինչպէս նշել է թուրքական HaberTurk-ը, Ազնաւուրը իբր նշել է, որ Թուրքիայի հետ երկխօսութեան պարզեցման եւ հայ-թուրքական սահմանի բացման համար հայերը պէտք է« ցեղասպանութեանէ փոխարէն այլ բառ գործածեն: Աւելին, «նման յայտարարութիւնների արդիւնքում երգիչը խիստ քննադատութեան է ենթարկուել Ֆրանսիայում հայ համայնքի կողմից», հաղորդել է գործակալութիւնը:
Սակայն ֆրանսիական հեռուստատեսութեան լրագրողի հետ Ազնաւուրի զրոյցի սղագրութիւնից պարզ է դառնում, թէ իրականում շանսոնյեն ինչ է նկատի ունեցել` առաջարկելով «ցեղասպանութիւն» բառը փոխարինել մէկ ուրիշով:
Պատասխանելով լրագրողի հարցերին` Ազնաւուրը նշել է, որ «ցեղասպանութիւնը» մի բառ է, որը իրեն խանգարում է, քանի որ եթէ թուրքերն իսկապէս այնքան պարկեշտութիւն ունենան ասելու, որ Ցեղասպանութիւն բառն է, որն իրենց խանգարում է, «մենք մի այլ բառ կը գտնենք, որպէսզի սահմանները բացուեն, եւ որ թուրքական կառավարութիւնը մտածի երկխօսութիւն սկսել մեզ հետ»: Դեսպանի խօսքով` ողբերգութեան աստիճանը բառը չէ, որ պէտք է որոշի. «այն փաստը, որ թուրքերը ցանկացել են սպանել, զանգուածային կերպով ոչնչացնել հայերին, այդ է կարեւորը, այլ ոչ թէ բառը»:
Մեկնաբանելով թուրքական իշխանութիւնների ժխտողական քաղաքականութիւնը` Ազնաւուրը նկատել է, որ դա, ամենայն հաւանականութեամբ, պատուի հարց է, որը գետնով կը տան կատարուածը ճանաչելուց յետոյ:
Զանգուածային լրատուամիջոցները տեղեկատուութիւն են տարածել, որ Շառլ Ազնաւուրը կոչ է արել փոխարինելու «ցեղասպանութիւն» բառը մէկ ուրիշով, քանի որ այն խանգարում է բարիդրացիական յարաբերութիւնների հաստատմանը: Ընդ որում, նա նաեւ ցանկութիւն է յայտնել այցելելու Թուրքիայ` նշելով, որ թուրքերը շատ լաւ ժողովուրդ են:
Պատրաստեց Լեւոն Մութաֆեանը