Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն

Միացյալ Նահանգների հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը:

Այս փաստաթուղթը, որ ընդունվել էր դեռ 2013 թվականի սեպտեմբերին, և միայն անցած շաբաթ է պաշտոնապես փոխանցվել Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին, գալիս է լրացնելու ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգներում, Ֆրեզնո քաղաքում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը  բանաձևում  պատվաբեր է համարել  ճանաչել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը, կարևորվել է և այն, որ Արցախը, անկախ իր կարգավիճակից, հազարամյակների փառահեղ պատմություն ունի և իր արժանի տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ:

Բանաձևում  նշվում է, որ Արցախի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է  1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը շարունակվում է նաև այսօր: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը գտնում է, որ  Արցախի ինքնորոշման պահանջը ոգեշնչել է տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների: Բարձր է գնահատվում այն, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ:

 Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հատկապես կարևորում է քսան տարուց ավելի իր քաղաքացիների հանդեպ արդար և հավատարիմ  լինելու Արցախի Հանրապետության ջանքերը, որով  պահպանել է իր անկախությունը և նպաստել Կովկասյան տարածաշրջանի քաղաքական մտածողությունն ու իրավիճակը փոխելուն: Նշվում է, որ  Արցախում անցկացվում են ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ:

 2012 թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսը բարեկամական հարաբերություններ է հաստատել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի հետ:

Ընդունելով բանաձև՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավաստում է, որ  Լոս Անջելեսն իր հարգանքն է արտահայտում Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հանդեպ և արժանին է մատուցում Արցախի Հանրապետության ժողովրդին՝ ծայրահեղ դժվարություններին դիմակայելու վճռականության համար:

 Ի վերջո բանաձևում խորհուրդը Լոս Անջելեսի անունից Արցախի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին մաղթում է  խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ ու կոչ է անում միջազգային հանրությանը   ըստ արժանվույն ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:

Նշենք, որ Ամերիկահայ քաղաքական գործիչ, բանաձևի հեղինակ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը ծնվել է 1960թ. մարտի 24-ին, Սան Ֆերնանդոյում:

Կրթությունը ստացել է Ռեսեդայի Կլիվլենդ ավագ դպրոցում, ապա Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, այնուհետև ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի իրավաբանության բաժինը: Շուրջ 20 տարի աշխատել է որպես իրավաբան:

2006թ-ին Գրիգորյանն ընտրվել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ: 2006-2009թթ. Կալիֆորնիայի խորհրդի կողմից ընտրվել է արդյունաբերական ձեռնարկությունների պահպանման կոմիտեի ղեկավար:

Scroll Up