Ստոկհոլմում ադրբեջանցիներին ու թուրքերին վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրումը
Ստոկհոլմի ադրբեջանական ու թուրքական համայնքները ծանր են տանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը. նրանք որոշել են բողոքի ցույցով հանդես գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, բողոքի ակցիան տեղի կունենա հունվարի 30- ին` տեղի ժամանակով 17:00-ին: Հենց այսօր էլ Շվեդիայի մայրաքաղաքին կից Բոտկիրկայի քաղաքային խորհրդը քննելու է հուշարձանի տեղադրման հարցը:
Ամիսներ առաջ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի քաղաքապետարանին ներկայացվել է նախագիծ` մայրաքաղաքին կից Բոտկիրկա շրջանում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին: Նշվում է, որ սոցիալ-դեմոկրատական և ձախերի կուսակցությունները սատարում են նախագիծը: Աջակողմյանների կուսակցության տեսակետը այս հարցում դեռևս պարզված չէ: Հուշարձանը կանգնեցվելու է Ստոկհոլմի Բոտկիրկա շրջանում, որտեղ ապրում են 15 հազար թուրքեր:
http://armenpress.am/