Ազգային կինոկենտրոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու ֆիլմ կնկարահանի

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազային կինոկենտրոնը պատրաստվում է երկու նոր վավերագրական ֆիլմ նկարահանել: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ առաջին ֆիլմը` ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Բանտարկված հոգիներ»-ը, «Բարս մեդիա» ընկերության հետ համատեղ է նկարահանվելու:
«Հովհաննիսյանն արդեն ուսումնասիրում է արխիվային շատ նյութեր: Այժմ մի փոքր փոխվում է սցենարը, և հեղինակը կապում է այն շախմատի հետ` անդրադառբալով այն երևույթին, որ Հայաստանը երեք անգամ մեծ հաջողություն է ունեցել շախմատի ոլորտում»,- նշեց Գևորգյանը` ավելացնելով, որ ֆիլմի թե’ սյուժեն, թե’ բովանդակությունը շատ հետաքրքիր են:
Երկրորդ նախագիծը «Ման փիքչրս» ստուդիայի հետ համատեղ իրականացվող «Հիշատակի պատը» վավերագրական ֆիլմն է, որը կնկարահանի ռեժիսոր Արամ Շահբազյանը:
«Ֆիլմը կոտորածներից մազապուրծ եղած հայերի` աշխարհով մեկ սփռվելու մասին է, նաև այն մասին, որ երկրագնդի տարբեր կետերում կան շատ անվանի հայեր, աշխարհահռչակ կոմպոզիտորներ, պարողներ, գիտության բնագավառի ներկայացուցիչներ, ովքեր ցեղասպանության պատճառով են հայրենիքից դուրս ծնվել, մեծացել, ապրում ու ստեղծագործում»,- պատմեց կինոկենտրոնի ղեկավարը:
Գևորգյանը նշեց, որ բացի նշվածից, ցեղասպանության թեմատիկայով այս երկու կինոնախագծերը կիրականացվեն` անկախ պետական հանձնաժողովի որոշումից: Նա տեղեկացրեց, որ 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում արտերկրից հրավիրված հեղինակավոր ժյուրիի հետ ընտրել են ցեղապանությանը նվիրված 37 կինոնախագիծ, որոնցից ընտրված 6-ը ներկայացվել է պետական հանձնաժողովի դատին: «Նախագծերը դեռևս քննարկման փուլում են, և դեռ հայտնի չէ, թե երբ և ինչ ժամկետում կընտրվեն»,- տեղեկացրեց Գևորգյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուշ չէ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմ նկարահանելու համար, նա նշեց, որ դեռ կա մեկ տարուց ավելի ժամանակ, որը կբավականացնի լավ ֆիլմ նկարահանելու համար:
Կինոկենտրոնը 2014 թ. կաջակցի գեղարվեստական 12 ֆիլմերի նկարահանմանը: Կինոկենտրոնի բյուջեն կազմում է տարեկան կես միլիոն դոլար:
http://armenpress.am/