Ազգային միասնությունը՝ հրամայական
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/28137.jpg)
Սփյուռք-Հայաստան միասնության, ազգային միասնականության և համերաշխության խնդիրներն այսօր առավել քան արդիական են: Տարափոխվող աշխարհում Սփյուռքն էլ հաճախ հայտնվում է վերիվայրումների մեջ, և այսօր առավել տիրական դարձող ուծացման, ազգային մշակույթից ու լեզվամտածողությունից հեռացման վտանգները, տասնամյակներով հաստատված կարծրատիպերն իրենց ազդեցությունն ու ներգործությունն են ունենում: Հետևաբար, ամեն անգամ վերադառնում ենք միասնության խնդրին՝ փոխելով հարցադրումները, սակայն անխոտոր պահելով գերնպատակը, գերխնդիրը:
1991-ից ի վեր, անկախ պետականության հռչակման պահից, Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի օրավուր խորանան հարաբերությունները սփյուռքահայերի հետ, որպեսզի տարազատում և տարանջատում չլինի հայության բոլոր հատվածների միջև, քանզի մեր ուժը միասնականության և համախմբվածության մեջ է: 1915-ի Ցեղասպանության կազմակերպիչներն ամեն ինչ արեցին, որպեսզի հայությունը մաս-մաս հայտնվի աշխարհի տարբեր հանգրվաններում, կորցնի լեզուն և ինքնությունը, մշակութային արժեքները, խորհրդային տարիներին էլ ոմանք ջանքեր գործադրեցին, որպեսզի Հայաստան-Սփյուռք կապերն ամրապինդ չլինեն, ամեն ինչ պարփակվի լոկ մշակութային շփումների շրջածիրում՝ զանց առնելով խորքային և հայեցակարգային սերտաճումներն ու մերձեցումները: Խորհրդային Միությունում ձևավորված անվստահությունը հայրենադարձների հանդեպ, «երկաթյա վարագույրի» անմարդկային ու ջրբաժան քաշող «հայեցակարգերն» էլ իրենց հերթին ինչ-որ չափով հեռացրին Սփյուռքն ու Հայրենիքը՝ հայրենիք դարձածների մեջ սերմանեցլով անվստահություն և հիասթափություն: Մասնավորաբար 1949 թվականի «մեծ տեղահանությունը, երբ շատ հայրենադարձներ հայտնվեցին Ուրալ ու Սիբիր տանող անորոշության ճանապարհներին, հուսահատություն ծնեցին, Սփյուռքում ապրողներին պարտադրեցին բոլորովին այլ հայացքով նայել Հայրենիքին՝ Հայաստանին՝ նրանց մեջ ներարկելով զգուշություն, կասկածամտություն ու անվստահություն…
Սփյուռքի նախարարության ձևավորումից հետո Սփյուռքի հետ հարաբերությունների համալիրը ստացավ հայեցակարգային նշանակություն և բովանդակություն, մշակվեցին հատուկ ծրագրեր և մոտեցումներ, կյանքի կոչվեցին բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հենքում միասնության և ամբողջության ձգտումն է, տարբեր հատվածների ներդաշնակ փոխկապակցումը: Մեր լեզվամթերքում վաղուց ի վեր տեղ գտած ամերիկահայ, կանադահայ, թուրքահայ, սիրիահայ և այլ հասկացություններ այժմ արդեն սկսեցին ընկալվել սոսկ որպես աշխարհագրական-ճանաչողական ցուցիչներ՝ այսպիսով հաստատելով այն միտքը, որ հայությունը մղվում է դեպի միասնականության, ընդհանրականության:
Դժվար էր, անշուշտ, տասնամյակներ իրարից զատված, շատ հաճախ ներքին հակասությունների վրա կառուցված սփյուռքյան համայնքների և Հայաստանի մերձեցումը, փոխադարձ վստահության հաստատումը: Սակայն ջանքերն իզուր չանցան: Առաջին շրջանի վեհերոտ, երբեմն տատամսող վերաբերմունքին փոխարինելու եկան հաստատակամ վճիռները, Սփյուռքը սկսեց վստահել Հայաստանին՝ այսպես նաև միասնականության ու համախմբումի տեսլականները դարձնելով իրական: Հայության միակ հայրենիքի գաղափարը սոսկ տեսական-երևութական էր, մինչդեռ անցած հինգ տարվա ընթացքում հաստատուն ու ամուր գետնի վրա դրվեցին հայեցադրույթներն ու նպատակները, և այսօր արդեն այլևս միասնությունը վիպապաշտություն չէ, զգացական հասկացություն չէ: Այն նյութականացող իրականություն է:
Հետևաբար, միասնական են մեր ջանքերն ու ծրագրերը, միասնական են մեր տեսլականները:
Հայաստանից դուրս ապրող ամեն մի հայ բաժանված չէ իր երկրից, քանի որ բոլորս ապրում ենք մեր մեկ ու միակ հայրենիքով, նրա մտահոգություններով և ուրախություններով: Եվ ոչ ոք երբեք պահանջ չի դնում Հայաստանից դուրս գտնվողի առջև՝ չքննադատելու մեր ստվերային իրողությունները, չարտահայտելու անհանգստություններն ու տագնապները: Լավ ու ապահով հայրենիքը բոլորիս երազանքն է: Ու հասկանալի են Գլենդելում ապրող մեր հայրենակիցների զգացումներն ու հույզերը: Հասկանալի են աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների երբեմն անհանգիստ, հուզումնառատ, երբեմն՝ խիստ զայրացած դիրքորոշումներն ու հայտարարությունները… Սակայն գլխավոր մտահոգությունն այն է, որ այլ երկրում, այլ իրականության մեջ հայրենիքի մասին հնչած քննադատությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև հեղինակազրկում է քո հայրենիքը, իջեցնում նրա արժեքը, ոչնչացնում այն ձեռքբերումները, որոնց նա հասել է միջազգային դաշտում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և դիվանագիտական հանգրվաններում: Ցանկացած ժողովրդի համար, որը վերջապես հասել է իր պետականության ստեղծումին կամ վերականգնումին, թանկ ու նվիրական են պետությունը պայմանավորող խորհրդանիշները, հետևաբար երկրի նախագահն էլ այդ խորհրդանիշներից մեկն է ՝ պետականության, Սահմանադրության և ժողովրդի ապահովության երաշխավորներից մեկը: Երբ օտար հողում հայհոյում ես քո մայր երկրի պետականության խորհրդանիշին, դու ոչ թե դառնում ես մտահոգ, այլ թողնում ես անհայրենիք մարդու տպավորություն, որը չարությունն ու չարախնդությունը երբեմն շփոթում է անհանգստության ու մտահոգության հետ: Սրա մասին պետք է մտածենք ազգովի, միասնականորեն և այնպես անենք, որ ոչ թե սքողենք ու ստվերենք մեր խնդիրները, որոնք քիչ չեն, այլ մտածենք ուղիների և լուծումների մասին… Մտածենք նաև այն մասին, որ հայրենիքը, նրա պետականությունը հայհոյելով ու քարկոծելով չեն սիրում: Ատելությամբ չեն սիրում: Ատելությունը ատելություն է ծնում, սերը՝ սեր: Չսքողենք մեր թերությունները, անգամ՝ մեր ձախողումները, բայց չհրճվենք անհաջողություններով, այլ ամեն ինչ անենք, որ մեր մտահոգությունների ու անհանգստությունների մեջ սերը լինի…
Տեղին է հիշել հրեաների արդեն դասական դարձած օրինակը: Հրեաների հայրենիքում՝ Իսրայելում, քչերն են ապրում, հրեաների գերակշռող մեծամասնությունն ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով Իսրայելը: Այդ պատճառով էլ այդ երկիրն այսօր ձգտում է տեղ զբաղեցնել աշխարհի հզորների շարքերում, այդ երկիրն այսօր դյուրությամբ լուծում է իր ընկերային և տնտեսական խնդիրները, պարտադրում շատերին հարգանք տածել իր հանդեպ: Երկրի վարկանիշն ու հեղինակությունը ստեղծում են դրսում ապրողները՝ իրատես համարձակությամբ խոսելով թերությունների մասին, սակայն այդ համարձակության մեջ ներգրավելով սիրուց ծնունդ առնող անհանգստությունը…
Մի հանգամանք էլ. ոմանք արդեն որերորդ անգամ, Ատրպետի «Տժվժիկի» հայտնի հերոսի նման, խոսում են Հայաստանին ցուցաբերվող օգնության, «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրվող գումարների մասին՝ սպառնալով դադարեցնել մասնակցությունը… Խոստովանենք՝ սա չի բխում մեր ազգային հոգեկերտվածքից, մարդասիրության ու հայրենասիրության մասին ձևավորված պատկերացումներից… Համահայկական հիմնադրամը ստեղծվեց որպես ազգային տուրքի գաղափարակիր, որպես հայրենիքը հզորացնելու նախապայման: Եթե աշխարհի այլ ժողովուրդների համար հայրենիքն առաջին հերթին աշխարհագրական տարածքն է՝ սահմաններով պարփակված, ապա մեր հայրենիքն անսահման է՝ Երևանից մինչև Ստեփանակերտ, Ջավախք… Այս անսահման հայրենիքը բազում խնդիրներ ու հոգսեր ունի, որոնք Հայաստանը միայնակ չի կարող լուծել: Հայաստանին պետք է և անհրաժեշտ է առաջին հերթին Սփյուռքի բարոյական աջակցությունը, ինչը կապացուցի աշխարհին, որ մենք միասնական ու միակամ ենք, որ հատկապես Արցախը գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում: Արցախը վաղուց իր դռներն է բացել նաև Սփյուռքի առջև, հրավիրում է մեր հայրենակիցներին այնտեղ գործարար ծրագրեր իրականացնելու, այդ հողն առավել հայեցի դարձնելու համար: Ուստի, հայկական երկրորդ պետությանը ցուցաբերվող ցանկացած աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում առաջին հերթին մեր բարոյական նկարագրի արտացոլումն է…
Օրերս տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի և դիմատետրային (ֆեյսբուք) օգտատերերի հանդիպումը: Քիչ չէին այն օգտատերերը, որոնք եկել էին Սփյուռքից, մասնավորաբար Թուրքիայից և Մերձավոր Արևելքից: Շատերն արդեն հաղթահարել են իրենց մեջ նստած բարդույթները, շատերն արդեն հարազատացել են այս հողին, հայրենիքին, մինչդեռ տակավին կան նաև նրանք, ովքեր շարունակում են սահմանաբաժան տեսնել հայաստանցիների և Հայաստանում բնակություն հաստատած սփյուռքահայերի միջև: Անգամ հարց հնչեց այն մասին, որ Հայաստանի քաղաքացիություն ստացած սիրիահայ երիտասարդները չծառայեն հայկական բանակում, իսկ ծառայելու դեպքում էլ՝ ստեղծվի հատուկ ու առանձնացված ստորաբաժանում: Արդյո՞ք հայրենիքը միայն ապրելու համար է, արդյո՞ք հայաստանցու անձնագիրը միայն այն բանի համար է, որպեսզի կարողանաս այստեղ ունեցվածք ձեռք բերել, մասնակցես ընտրական գործընթացներին: Հյաստանցու անձնագիրը, քաղաքացիությունը, օրենսդրականից զատ, նաև բարոյական պարտականություններ է հուշում: Բանակը մեր փրկությունն է բարդ ու անհաշտ տարածաշրջանում, բանակում ծառայում են հայաստանցի 18-20 տարեկան երեիտասարդները, որոնք իրենց օրը սկսում են «Ես քաղաքացին եմ Հայայստանի Հանրապետության» հպարտ կոչով: Ու Հայաստանում նրանք յուրովի պաշտպանում են նաև երկրից դուրս ապրող մեր հայրենակիցներին, հուշում բոլորին, որ սա հայկական բանակն է, աշխարհի բոլոր հայերի բանակն է՝ մեր միասնականության երաշխավորներից մեկը…
Ապրե´նք միասնաբար և գործե´նք միասնաբար: Ազգային միասնությունը դարձնենք հրամայական, որպեսզի կարողանանք դիմակայել մեզ պարզված բազմաթիվ մարտահրավերներին…
Լևոն Մութաֆյան