Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ աշակերտական համահավաք-ծաղկեմատույց Նոր Ջուղայում
Ապրիլի 22-ին, ժամը՝ 11:00-ին, Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի «Արմեն» տարրական երկսեռ համալիրի և Շահինշահր քաղաքի Հայոց ազգային Սրբոց «Վարդանանց» դպրոցի աշակերտ-աշակերտուհիները, իսկ ժամը՝ 12:30-ին Նոր Ջուղաի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ավագ դպրոցների աշակերտները, նշված դպրոցների տեսչությունների, ուսուցչական կազմերի և ծնողական խորհուրդների ուղեկցությամբ, ներկա գտնվեցին Ս. Ամենափրկիչ վանքի բակում խոյացած Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ և աշակերտական ելույթներով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության հետևանքով զոհված 1,5 միլիոն սուրբ նահատակների հիշատակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, համահավաքների առիթով Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը հայրական իր պատգամը հղեց դպրոցականներին:
Ձեռնարկին ներկա էին նաև Ազգային մարմինների ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ հեղինակի