Սփյուռքի գործերով հանձնակատարը մոտիկից կծանոթանա համայնքներում առկա խնդիրներին. Բաբկեն Տեր Գրիգորյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն եւ ինտեգրում, հայապահպանություն եւ համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում եւ սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման գործընթացներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը։
«Մեր գործառույթներն ու դրանց ուղղություններն արդեն հստակ են։ Մենք աշխատելու ենք 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն եւ ինտեգրում, հայապահպանություն եւ համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում եւ սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման գործընթացներին։ Ինչ վերաբերում է գործառույթներին, այստեղ առաջին հերթին կարեւորվում է համայնքների հետ կապերի պահպանումն ու ամրապնդումը, երկրորդ` մշակելու ենք հստակ ռազմավարություն, կոորդինացնելու ենք 12 նախարարությունների ծրագրերը։ Այսինքն, մենք ասում ենք, որ Սփյուռքի մեկ նախարարության փոխարեն հիմա մենք ունենալու ենք 12 նախարարություն, որոնք զբաղվելու են սփյուռքի հարցերով»,–նշեց նա։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարողի խոսքով, ունենալու է 20-25 աշխատակից։
Նրա պնդմամբ՝ գրասենյակի շնորհիվ Հայաստան–Սփյուռք կապերը նոր մակարդակի են բարձրանալու։
Հարցին՝ փորձե՞լ են հասկանալ Սփյուռքի հայկական համայնքների կարծիքը նոր կառույցի շուրջ, Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց. «Գիտեք՝ Սփյուռքի կարծիքն այստեղ միանշանակ չի եղել։ Սփյուռքը բազմաշերտ է, եւ մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ։ Պետք է նշեմ, որ բացասական կարծիքներն առաջացան այն ժամանակ, երբ հստակեցվում էր նախարարության կարգավիճակը։ Սակայն հիմա, երբ խոսում ենք այս նոր ձեւաչափի մասին Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ եւ բացատրում, թե ինչ ենք պատկերացնում, այլ են կարծիքները»։
Նրա փոխանցմամբ՝ գրասենյակի բյուջեն նախարարության բյուջեի համեմատ ավելի սահմանափակ է լինելու, որովհետեւ ծրագրեր իրականացնելու ֆունկցիա չի կատարելու նոր կառույցը, սակայն բարձրացվելու է գործուղումների բյուջեն. «Նախարարն ունի ամենօրյա պարտականություն կառավարությունում, հանձնակատարը շատ ավելի ազատ է լինելու՝ շատ ավելի ժամանակ անցկացնել համայնքներում, որպեսզի մոտիկից կարողանա ծանոթանալ, թե համայնքներում ինչ խնդիրներ կան»։
Հայրենադարձության մասին խոսելիս սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շեշտը դնում է ոչ քանակի վրա, այլ որակի վրա. «Շեշտը պետք է դնել գիտական, մասնագիտական հայրենադարձության վրա, որը կլինի մեր տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը»։
Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց նաեւ, որ սփյուռք հանձնակատարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել, սակայն պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այնպես ինչպես կառավարությունն իրեն կտեսնի։