Սփյուռքի նախարարը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը
Հուլիսի 18-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը:
Ծրագրի նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական ու տնտեսական դիմակայունությունը:
Նախարարը հանդես եկավ ողջույնի խոսքով: «Ողջունում եմ Եվրոպական միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինասնավորմամբ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համընկերությամբ իրականացվող՝ «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այսօր մենք ներկա ենք մեր հայրենակիցների, պատերազմից մազապուրծ, հայրենիքում իրենց տունը վերագտած սիրիահայ եղբայրների և քույրերի բարօրությանը, բարեկեցությանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված ևս մի կարևոր ծրագրի պաշտոնական բացման արարողությանը»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները և վերջիններիս աջակցության, հասարակական ինտեգրման հիմնահարցերն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են:
Ծրագիրը կտևի 36 ամիս՝ 2018 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի հունիս ամիսը: