Վիրահայոց թեմում Թումանյանին և Կոմիտասին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին. Գիսանե Հովսեփյան

Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի 150-ամյակների հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով դեռ անցյալ տարի Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ ստեղծվել էր համայնքային հանձնախումբ: Հանձնախմբի նպատակի, առաքելության և իրականացվող ծրագրերի շուրջ «Հայերն այսօր»-ը զրուցել է Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի հետ.

– Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի անուններն անխզելիորեն կապված են Վրաստանի հետ: Դեռ անցյալ տարվա երկրորդ կեսին, հոբելյանական տարվան ընդառաջ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի նախագահությամբ ստեղծվեց միջոցառումները համակարգող հանձնախումբ, որի կազմում են Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, Վրաստանի հայկական մշակութային հաստատությունների, հասարակական կառույցների ղեկավարները: Հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները: Հանձնախմբի նպատակը հոբելյաններն ըստ արժանվույն նշելն է: Ծրագրերն ուղղված են բոլորին անխտիր. մեծերին ու փոքրերին, հայերին, վրացիներին, բազմազգ Վրաստանի այլ ազգերի ներկայացուցիչներին մայրաքաղաք Թբիլիսիում, հայաշատ շրջաններում, Բաթումիում, Ախալցիխեում և այլուր:

– Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել տարվա ընթացքում:

– Հանձնախմբի ծրագիրը բավականին հագեցած ու ծավալուն է, նշենք միայն, որ այս շրջանակներում նախատեսվում են Թումանյանի ստեղծագործությունների վրացերեն թարգմանություններ ու տպագրություն, հոբելյանական երեկոներ ու ցուցահանդեսներ, ազգային, հոգևոր երաժշտության համերգային ծրագրեր Թբիլիսիում և տարածաշրջաններում, թատերական նոր բեմադրություններ: Վրաստանի հայկական ԶԼՄ-ները տարվա ընթացքում պարբերաբար կանդրադառնան Հովհաննես Թումանյանի ու Կոմիտաս Վարդապետի կյանքին ու ստեղծագործությանը: Վրացական մամուլը ևս արդեն իսկ իր ուշադրության կենտրոնում է պահում հոբելյանները:

– Ե՞րբ է տրվելու միջոցառումների մեկնարկը:

– Միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի տանից: Նույն օրը տեղի կունենա հանձնախմբի հերթական նիստը, ուղիղ միացում կլինի Երևանի ու Դսեղի թանգարանների հետ, որից հետո Խոջիվանքի պանթեոնում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, գիրք նվիրելու արդեն ավանդական արարողություն: Երեկոյան Խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» անհատական ցուցահանդեսի բացումը, Ինչպես նաև գրական, գեղարվեստական միջոցառում: Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, խորհրդարանականներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, գրողներ, նկարիչներ, մտավորականներ…

– Ո՞ր տարածաշրջաններում են անցկացվելու միջոցառումները:

– Միջոցառումներ կանցկացվեն ամենուր, որտեղ կա հայ, կա հայկական օջախ: Ուրախալին այս առումով հետադարձ կապն է. հանձնախմբի ծրագրերը մասամբ հանրայնացվել են, և մարդկանց կողմից մեծ հետաքրքրություն կա՝ ինչպես հանձնախմբի ծրագրերին մասնակցելու, այնպես էլ տեղական մակարդակով ծրագրեր կազմելու, իրականացնելու առումով:

Լ.Ա.

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է միջոցառումների ծրագիրը:

Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումներ

Scroll Up