«Սփյուռքահայ երեխաների պատկերազարդմամբ արևմտահայերեն լույս կտեսնեն Թումանյանի մանկական ստեղծագործությունները». Անի Եղիազարյան

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:  Հայաստանում և Սփյուռքում բազմապիսի միջոցառումներ և այլ նախաձեռնություններ են  նախատեսված իրականացնել տաղանդաշատ հայերին նվիրված:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանը Սփյուռքի հետ մի կարևոր նախագիծ է կյանքի կոչել: Առաջիկայում լույս կտեսնի Հովհ. Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն ժողովածուն՝ սփյուռքահայ և հայրենադարձ երեխաների պատկերազարդ նկարներով: Այս մասին «Հայերն այսօր»-ը զրուցել է թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ:

Տիկի՛ն Եղիազարյան, ի՞նչ նախաձեռնություն եք իրականացնում Սփյուռքի հայկական կրթօջախների հետ:

-Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակներում Սփյուռքի հետ մեկնարկային աշխատանքները սկսել էինք դեռ նախորդ տարի:

Այս տարի լրանում է նաև Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը, որն, ինչպես գիտենք, մտերիմ, համագործակից ընկեր է եղել Թումանյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքը հատկապես երևում է պատմաբան, թարգմանիչ և բանասեր Ստեփան Լիսիցյանի գլխավորությամբ հայոց լեզվի «Լուսաբեր» դասագիրքը կազմելիս: Դասագրքի շատ օրինակներ պահպանվում են թանգարանի արխիվում, որոնք ուսումնասիրելիս պարզեցինք, որ Լևոն Շանթը «Լուսաբեր»-ի հատուկ համարներ պոլսահայության համար փոխադրելիս՝ հիմնականում Թումանյանի ստեղծագործություններն է փոխադրել արևմտահայերեն: Թումանյանի մանկական ստեղծագործություններից շուրջ հիսունը՝ բալլադներ, բանաստեղծություններ, պատմվածքներ և այլն, շատ որակյալ, բարձր մակարդակով արված փոխադրություններ էին, որոնք որոշեցինք մեկտեղել գրքում:

Թումանյանի ստեղծագործությունների արևմտահայերեն տարբերակը մեկ գրքում ունենալու անհրաժեշտությունը՝ սփյուռքահայ երեխայի սեղանի սիրելի գիրքը դառնալն էր: Այս գաղափարը լավագույն առիթը հանդիսացավ գրքի ծնունդ առնելուն: Քանի որ երեխաների համար էր նախատեսված, ապա այն պետք է լիներ գունազարդ և շքեղ: Թումանյանն էլ, իր մանկական գործերը գրելիս, շատ էր կարևորում նկարազարդումը և գեղեցիկ մատուցումը:

Բանաստեղծից այս «ուղերձը» ունենալով՝ մի փոքր շեղվեցինք. որոշեցինք ո´չ թե արհեստավարժներին տալ գիրքը նկարազարդելու, այլ՝ երեխաներին: Սա երկու խթանիչ հանգամանք ունի՝ նախ նրանք խորքից կծանոթանան տվյալ ստեղծագործությանը, ինչպես նաև ավելի պատասխանատու կլինեն՝ կարևոր գործի մասնակիցը լինելով: Շուտով ընթերցասեր հասարակությունը Թումանյանի մանկական ստեղծագործությունները հնարավորություն կունենա ընթերցելու  արևմտահայերեն՝ սփյուռքահայ  և հայրենադարձ երեխաների պատկերազարդմամբ:

– Հոբելյանական նախագծի մասին սփյուռքին ինչպե՞ս տեղյակ պահեցիք:

– Ցավոք, Հայկական սփյուռքը շատ մեծ է, բոլորին ընդգրկել հնարավոր չէր: Հնարավորինս շատ սփյուռքի դպրոցների դիմեցինք՝ տարբեր համայնքների նախնական մասնակցության հայտեր ուղարկելով: Բարեբախտաբար, արձագանքներն արդարացրեցին մեր սպասելիքները:

Մասնակցելու ցանկություն հայտնեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, Հայ բարեգործական ընդհանուր միության և համահայկական այլ կառույցների ենթակայության ներքո գործող հայկական կրթօջախները, և ո´չ միայն:

Կ. Պոլիս, Պոմոնթիի ՄխիթարեանՎարժարան Տիանա Սանթուրեան, 12 տարեկան, «Հրաժեշտ»

– Մասնավորապես ո՞ր համայնքներից են եղել արձագանքներ:

ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Սիրիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Կ.Պոլսի հայկական համայնքների հայկական կրթօջախների 9-ից 15 տարեկան երեխաներ  են դիմել: Ի դեպ, նախորդ տարվա վերջից արդեն սկսեցինք ստանալ գունազարդ նկարները:

Այս դրությամբ կդժվարանամ նշել, թե քանի մասնակիցներ ունենք, քանի որ հստակ հաշվարկված չէ: Հատուկ ձևավորված հանձնաժողովն ընտրել է տվյալ ստեղծագործության նկարազարդման լավագույն գործերը: Համընկնումներից խուսափելու և համակարգված աշխատելու համար՝ մենք ստեղծագործություններն ուղղորդված ենք ուղարկել համայնքներ:

Գիրքը կազմման փուլում է: Շնորհանդեսը նախատեսում ենք մարտ ամսին կազմակերպել, իսկ գրքերը պետական մարմինների, դեսպանատների միջոցով ուղարկել համայնքներ:

Համոզված եմ, որ հետագայում հոգեբաններն աշակերտների աշխատանքների հիման վրա կարող են հետազոտություն անցկացնել՝ բացահայտելով, թե որ երկրում ապրող երեխան ինչ հոգեկերտվածք ունի կամ թե ինչպես է կարողանում հայկականությունն օտարության մեջ պահպանել: Ցցուն օրինակ բերեմ. նրանք իրենց աշխատանքներում պատկերում են տվյալ երկրից որևէ խորհրդանշական դետալ, սակայն զուգահեռաբար տվյալ նկարի մեջ փորձում են ամեն կերպ հայկական մոտիվներով որևէ նախշ ավելացնել:

Մեր ամբողջ նպատակն այն է, որ այս նախաձեռնությանը մասնակցած երեխաները գրքի վայելքից անմասն չմնան, և նրանց աշխատանքներն անպայման ընդգրկվեն գրքում:

Առհասարակ, չենք սահամանափակվելու Սփյուռքի հետ միայն այս համագործակցությամբ: Պատրաստ ենք կառուցողական այլ ծրագրեր նույնպես իրականացնել միասին՝ կրթական ծրագրերի կազմակերպման, փոխայցելությունների, դասախոսությունների և այլ միջոցներով:

Ավստրալիա, Սիդնեյ, Գոլստեն վարժարան Նելլի Մերիջանեան, 12 տարեկան, «Շունն ու կատուն»

– Առաջիկայում ուրվագծվու՞մ են նմանօրինակ համագործակցություններ:

– Հրավեր նամակում նախապես տեղեկացրել էինք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում նախատեսում ենք նաև համահայկական օլիմպիադա կազմակերպել: Նախնական ծրագրի համաձայն՝ սփյուռքի համար օլիմպիադան երկու փուլով կանցկացվի՝ գարնանը և ամռանը, լավագույնին կորոշի ժյուրիի կազմը:

Դպրոցներում մրցանակների տեսքով պետք է խրախուսեն աշակերտներին: Նախապայման չէ միայն հաղթողներին ուղարկել, կարող են լավագույն առաջադիմություն ցուցաբերածներին ևս ներառել: Եթե դպրոցը կամ համայնքը, որպես հաղթանակի մրցանակ, տվյալ աշակերտին կամ աշակերտներին ճանաչողական այցով ուղարկի Հայրենիք, ապա մենք պատրաստակամ ենք Հայաստանում կազմակերպել նրանց պտույտները Թումանյանի «ճամփեքով»: Սա մեր նախնական նախագիծն է, որը ցանկանում ենք կյանքի կոչել: Սփյուռքում այս գաղափարի շուրջ հետաքրքրություն առաջանալու դեպքում թող միանան մեզ:

Սիրիա, Լաթաքիոյ Ազգային Ս. Նահատակաց վարժարան Արազ Պետուրեան, 15 տարեկան, «Սուտասան»

-Տիկի՛ն Եղիազարյան, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ի՞նչ է սպասվում թանգարան այցելողներին:

-Փետրվարի 19-ին մեզ մոտ ամենուր սպասում է, իհարկե, թումանյանական տոնական շունչ՝ այդպիսով ազդարարելով բանաստեղծի հոբելյանը: Առավոտյան 11-ից 17:00-ը թանգարանի ներսի հատվածն ու հուշային հատվածը լցված կլինեն հեքիաթային բաժիններով: Հեքիաթային մի մեծ դղյակ է լինելու, որտեղ մարդիկ պետք է պատրաստ լինեն հանդիպելու «փորձությունների»: Որպես մրցանակ՝ նրանք հայտնվելու են Թումանյանի տանը և հանդիպելու են Թումանյանին շնորհավորելու եկած համաշխարհային մեծերին:

 Ամեն ինչ կենդանացած է լինելու՝ օրվա խորագրին համապատասխան, որը կոչվում է «Ճամփորդություն  Թումանյանի աշխարհ, կենդանի էքսպոզիցիա»:

 Իհարկե, չենք սահմանափակվելու միայն այդ օրով: Տարվա ընթացքում նախատեսված են նաև հատուկ ցուցադրություններ, առանձին թեմատիկ ցուցահանդեսների շրջանակում կներկայացվեն այնպիսի նյութեր, որոնք մինչ այժմ պահված են եղել արխիվներում: Առհասարակ, մեզ մոտ բոլոր տարիները թումանյանական են:

 Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up