Սիրիահայ բժշկի մի լուսանկարի պատմությունը

Զարեհ Օհանեսը բժիշկ-հոգեբույժ է: Մասնագիտական կրթություն ձեռք է բերել Հայաստանում: Սիրիահայ պատանու հայրենասիրության ու ուսումնառության տենչը նրան Սիրիայի Ալ Հասակայից Հայաստան է բերում, որտեղ էլ ընդունվում, ապա ավարտում է Երևանի բժշկական ինստիտուտը: Հետո դժվարին ու պատերազմական ժամանակներ պետք է սկսվեին:

Այդ տարիներից շատ ժամանակ է անցել: Զարեհը բնակություն է հաստատել Նիդերլանդներում և անմիջապես ներգրավվել Ամստերդամի հայկական կառույցներում: Եղել է «Արարատ» մշակութային միության վարչության անդամ, այնուհետև տեղի հայկական Եկեղեցու վարչության անդամը, ապա ատենապետը:

Աշխատում է իր` բժիշկ-հոգեբույժի մասնագիտությամբ, ամուսնացել է մի գեղեցկուհի հայուհու` Սաթինեի հետ: Ունեն հրաշք երեք զավակներ` Սևակ, Րաֆֆի, Մարիամ հայահունչ անուններով:  Զարեհն ու Սաթինեն նրանց դաստիարակում են հայկական ոգով ու ավանդություններով: Պուրմերենդում` Ամստերդամից ոչ հեռու, որտեղ բնակվում են նրանք, մի քանի տարի է հիմնել են «Կիլիկիա» հայկական մշակութային միությունը, այստեղ էլ ծավլում են իրենց հայանպաստ գործունեությունը:

Օհանեսի ընտանիքի այս անգամ  Հայաստան մեկնելու առիթն այլ էր: Զարեհի ուսանողական ընկերները բուհն ավարտելուց 25 տարի անց պարզապես ցանկացել էին համակուրսեցիներով հանդիպել   նոր Հայաստանում, կիսել ուսանողական տարիների հուշերն ու Հայաստանում ստեղծված նոր  իրադրության տպավորությունները: Հոկտեմբերյան այցի ժամանակը համընկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք  անցկացվող միջոցառումների:

«Այս անգամ ես տեսա այլ Հայաստան, որտեղ մարդիկ իրենց ղեկավարի կողքին են,-ինձ հետ զրույցում ասաց Զարեհ Օհանեսը,- Սիրո ու հանդուրժողականության այս մթնոլորտը միայն դրական լիցքեր է հաղորդում բոլորիս ու ավելի ոգևորում հետագա գործունեության համար»:

Հանդիպումը և լուսանկարը  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ սրտաբուխ ու անմիջական ստացվեց: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին այցելել էր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ Զարեհը մոտեցել է նրան և ջերմ խոսքեր փոխանակել: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են եղել 50-ից ավելի սիրիահայերի  ձեռագործ աշխատանքնեը:

Զարեհ Օհանեսը հիշում է, թե ինչպես դեռ 2 տարի առաջ` նույն ամսին, Նիդերլանդներում «Կիլիկիա» մշակութային իրենց միությունը հանդես եկավ հալեպահայությանն օգնելու կոչով` կազմակերպելով դրամահավաք: «Հիմա արդեն առարկայական Հայաստան պետությունն է մեր սիրիահայ եղբայրներին օգնում ու նրանց կողքին է, և դա դեռ սկիզբն է»,-ասում է Զարեհը:

Նույն օրը Զարեհը լուսանկարվել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հետ:  Մի քանի օր առաջ են նրանք ստացել սփյուռքի նախարարության կողմից Նիդերլանդներ ուղարկված արևմտահայերեն դասագրքերը, որով էլ  պետք է ուսուցանվեն  «Կիլիկիա» միության դպրոց հաճախող երեխաները: Զարեհն ափսոսում է, որ այդ պահին չի հասցրել  իր շնորհակալությունը փոխանցել նախարարին` դասագրքերի ժամանակին արված առաքման համար:

Մյուս լուսանկարը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ նույնքան անսպասելի ու հետաքրքիր է ստացվել: «Ոչ մի անգամ չէր ստացվել Հայաստան այցելելուն զուգահեռ՝ Արցախ էլ այցելել,-պատմում է Զարեհը,-այս անգամ երեխաներիս խոսք էի տվել պատեհ առիթն ի նպաստ օգտագործել: Ի բարեբախտություն, ընկերներիս հետ եղանք Արցախում»:

Նա հյուրանոցի պատուհանից նկատում է, որ մեր երկու հանրապետությունների նախագահները զբոսնում, զրուցում են:

«Ասես մի բնական ու անկեղծ ուժ ինձ դուրս հանեց սենյակից և արդեն մեկ րոպեից ես ողջունում էի մեր նախագահներին: Ընկերներիցս մեկն էլ այդ պահը լուսանկարեց,-հիշում է Զարեհը և ավելացնում,-Ահա այսպես, ազատ ու անկաշկանդ պետք է զգա  յուրաքանչյուր հայ  քաղաքացի ու ջերմ զգացմունքով կանգնի իր ղեկավարի կողքին»:

Զարեհը հպարտ ու վստահ է, որ նրանք ծառայում են իրենց ժողովրդին ու հայրենիքին:  Սա հպարտության յուրահատուկ զգացում է: Հուսանք` հարատև:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Scroll Up